Երևանի մետրոպոլիտենը միակողմանիորեն խզել է կուտակայինի դեմ ցույցի դուրս եկած 3 աշխատակցի հետ պայմանագրերը
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը միակողմանիորեն խզել է ընդդեմ կենսաթոշակային կուտակային համակարգի բողոքի ակցիային մասնակցած իր 3 աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագիրը, այս մասին Tert.am-ին հայտնեց աշխատանքից ազատված աշխատակիցներից մեկը՝ Անդրանիկ Գևորգյանը:
«Պայմանագրի խզում՝ գործատուի ցանկությամբ, անվստահության համար, հոդվածի համարը՝ 113.6»,- ասաց Անդրանիկ Գևորգյանը:
Նշենք, որ նա ծնվել է մինչև 1974 թվականը և օրենքը նրան չի վերաբերում, ինչը, սակայն, չի խանգարել, որպեսզի նա միանա բողոքի ակցիային:
Անդրանիկ Գևորգյանը Tert.am–ի հետ զրույցում տեղեկացրեց, որ աշխատանքից ազատված մյուս երկուսն են՝ Սևակ Հովհաննիսյանը և Գագիկ Գալստյանը, որոնք նույնպես մեքենավարներ են:
Անդրանիկ Գևորգյանը հավելեց, որ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության իրավաբաններն իրենց արդեն իսկ տրամադրել են իրավաբանական խորհրդատվություն:
Քիչ հետո աշխատանքից ազատված աշխատակիցները և իրավաբանները ժողով պետք է անեն՝ իրենց հետագա քայլերը որոշելու համար։
Մետրոպոլիտենի լրատվական ծառայությունից Tert.am–ին հայտնեցին, որ մետրոպոլիտենում աշխատում է 1200-ից ավելի մարդ և օրական աշխատանքի ընդունվում և ազատվում են տարբեր մարդիկ։ Նաև վստահեցրին, որ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ երկու օր առաջ տեղի ունեցած բողոքի ակցիան որևէ կապ չունի այս երեք աշխատակիցներին աշխատանքից ազատելու հետ, այլապես ինչու պետք է հենց երեքն ազատվեին, եթե բողոքի ակցիային մի քանի տասնյակ աշխատակից էր մասնակցել։










