Միջազգային միություններին ԼՂՀ անդամակցության հարցում կարևոր է ընտրել ճիշտ պահը. Դավիթ Բաբայան

09:04 • 14.02.14

ԼՂՀ–ն ցանկացած պահի կարող է դիմել թե՛ Մաքսային Միություն, թե՛ Եվրոպական Միություն և այլ տեսակի միություններ՝ անդամակցության առաջարկով, սակայն դա պետք է անել ճիշտ պահի: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։


«Իհա՛րկե, իրավունք ունենք, կարող ենք այդպիսի բան անել, բայց խնդիր է առաջանում. եթե նման բան անենք, հասնելո՞ւ ենք արդյունքի, թե՝ ոչ: Սա է հարցը, հետևաբար, պետք է լինենք իրատեսական: Այո՛, մեր իրավասության մեջ է դիմել միություններին, բայց ընդունելո՞ւ են. սա է խնդիրը: Իսկ որպեսզի պահենք մեր պատիվը և մեր վարկանիշը, ուրեմն պետք է լինենք իրատեսական: Կարծում եմ, որ պետք է շատ մտածենք, կշռենք ու, երևի թե, կգա մի պահ, որ մենք կարող ենք դիմել տարբեր կազմակերպությունների՝ անդամակցելու համար»,- ասաց նա:


Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ միջազգային հանրության կողմից ճանաչվելուց հետո ԼՂՀ–ն կդառնա տարբեր միությունների անդամ, սակայն ներկայում նման քայլը վաղաժամ է:


ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը, անդրադառնալով, ընդհանրապես, Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու և համապատասխանաբար Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին խոսակցություններին, նշեց, որ չգիտես թե ինչու, հարցը դարձել է կյանքի ու մահվան խնդիր:


«Բոլորը խոսում են Հայաստանի՝ Մաքսային ՄԻությանն անդամակցության մասին: Մի մասը քննադատում է, մյուս մասը՝ պաշտպանում է, մի մասն էլ՝ խոսում է, չիմանալով ինչ է կատարվում: Մեզ համար ամենից կարևորը Մաքսային Միությանն անդամակցել կամ չանդամակցելը չէ. մենք ունենք ավելի կարևոր և վտանգավոր մարտահրավերներ, մենք ունենք Ադրբեջան: Մեր մեծ ջանքեր պետք է դնենք նման հարևանին զսպելու համար, պետք է միշտ լինենք ուժեղ, որպեսզի թույլ չտանք, որ Ադրբեջանը հավասարակշռությունից դուրս գա և ինչ-որ գործողություններ կատարի: Սա է ամենից կարևորը»,- ասաց նա:


Նա զարմանալի համարեց նաև այն, որ վերջին շրջանում ԵՄ տարբեր երկրներ քննադատում են Հայաստանին՝ ՄՄ-ին անդամակցելու համար և մոռանում այն մասին, որ 2012թ. դեկտեմբերին որոշում են կայացրել առաջին Եվրոպական օլիմպիական խաղերն անցկացնել Բաքվում:


«Դուք պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ է: Ֆաշիստական երկրում անց են կացնում առաջին Եվրոպական օլիմպիական խաղերը: Այս ամենի վրա աչք են փակում ու փորձում են մեղադրել Հայաստանին՝ Մաքսային ՄԻության հետ տնտեսական համագործակցության համար: Ամեն ինչ ազգային շահերից պետք է բխի: Եթե մեր ազգային շահը հիմա բխում է այդ կազմակերպության հետ անդամակցելուց, անելու ենք, վաղը ԵՄ-ի հետ կբխի, կհամագործակցենք ԵՄ-ի հետ, բայց միշտ կարևոր է ընտրել ճիշտ պահը: Եթե մենք հիմա դիմենք, Ղազախստանը և մյուս երկրները, կսկսեն ընդդիմանալ ու կվատթարացնենք իրավիճակը ու մեր վարկանիշին հարված կհասցնենք»,-ասաց նա:


Անդրադառնալով օրեր առաջ Հայաստան-ԵՄ պատվիրակության կազմում առկա անհամաձայնությանը, որը կապված ԼՂ խնդրի կարգավորման որոշ դրույթների հետ, օրինակ՝ ԵՄ-ի դերակատարումը բանակցային գործընթացում հետայսու մեծացնելու հարցում, Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ իրենց դիրքորոշումն այս հարցում չի փոխվել:


«Ֆրանսիան էլ ԵՄ-ի անդամ է, ինչո՞ւ պետք է փոխարինի, ի՞նչ սկզբունքով: Ֆրանսիան տարիներ շարունակ աշխատում է այս խնդրի կարգավորման շուրջ: Որևէ սկզբունքային բան չկա, որ ասենք այլ պետություն պետք է փոխարինի: Թևավոր խոսք կա՝ իմա՞ստը: Երբ այն ժամանակ Մինսկի խմբի համանախագահությունը ստեղծվել է, չէ՞ որ կշռել են ամեն ինչ: Եղել են տարբեր երկրների ներկայացուցիչներ, բայց վերջը այն ձևաչափն է ձևավորվել, որը կա այսօր՝ ԱՄՆ, Ֆրանսիա և Ռուսաստան: Սա, կարծում ենք, օպտիմալ ու ճիշտ ֆորմատ է»,-ասաց նա:


Դավիթ Բաբայանը նաև նշեց, որ մի դեպքում է հնարավոր, որ Ֆրանսիան դուրս գա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կազմից, երբ ինքը հրաժարվի:


«Պաշտոնական Փարիզը, քանի դեռ նման հայտարարությամբ հանդես չի եկել, մնացած խոսակցությունները քաղաքական շահարկումներ են: Իսկ մենք չենք ուզում շահարկումների մասնակցել, ինչ-որ խաղերի մեջ մտնել, երբ որ մեր ճակատագիրն է կախված այդ ամենից: Ես չեմ կարծում, որ Եվրոպական Միությունն այնքան դժգոհություն ունենա Ֆրանսիայից, որ եթե դա չլուծվի, իրավիճակը կարող է ապակայունանալ»,-ասաց նա: