Ընդդեմ «Դ!ԵՄ ԵՄ»-ի. բուհերի ուսխորհուրդները հիմնականում կողմ են «կուտակայինին»

20:40 • 14.02.14

Հայաստանի պետական մի քանի բուհերի ուսանողական խորհուրդներն ու ուսանողական ակտիվը հիմնականում կողմ են պարտադիր կուտակային կենսաթոշակների նոր համակարգին և չեն պատրաստվում որևէ կերպ միանալ օրենքի որոշ դրույթների դեմ պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությանը: Այդ մասին Tert.am-ին պարզ դարձավ որոշ ՈւԽ նախագահների, ինչպես նաև ուսանողների հետ առնչվող անձանց հետ զրույցներից:

 

Ավելին՝ ըստ Tert.am-ին հասած տեղեկությունների՝ որոշ բուհերի ՈւԽ-ներ, ինչպես նաև ուսանողական ակտիվ խմբեր, որոնք հաճախ քաղաքական գործունեության են ծավալում, ցանկանում են նոր շարժում ձևավորել՝ ընդդեմ «Դ!ԵՄ ԵՄ»-ի: Այս տեղեկությունը, սակայն, հերքվեց մեր զրուցակիցների կողմից:

 

Երևանի պետական մանկավարժական համալսարանում «պարտադիր կուտակայինի» հարցը դեռ քննարկման փուլում է, բայց ինչպես ուսխորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանն ասաց` համակարգի հանդեպ իրենց տրամադրությունները դրական են: «Անընդհատ քննարկում ենք, բուհում սպասվում են նաև բազմաթիվ քննարկումներ: Անձամբ ես դրական եմ վերաբերում այդ համակարգին»,- ասաց նա:

 

Նա նաև նշեց, որ իրենք չեն միանա «Դ!ԵՄ ԵՄ» պայքարին: «Յուրաքանչյուր քաղաքացի իր կարծիքի տերն է. ես կարծում եմ, որ պետք չէ դեմ դուրս գալ այդ օրենքին: Իսկ այդ խմբին դեմ դուրս գալու հետ մենք կապ չունենք»,- ասաց նա:

 

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի պրոռեկտոր, Երևանի պետական համալսարանի նախկին ուսանողական խորհրդի նախագահ Ցոլակ Հակոբյանն էլ ասաց, որ «պարտադիր կուտակայինի» շուրջ ուսանողների դիրքորոշումները տարբեր են, իսկ կոնկրետ ինքը մտածում է, որ օրենքը դրական կանդրադառնա երկրի վրա:

 

«Ես էլ սկզբում մտավախություն ունեի այդ հարցում, մտածում էի, որ այդ համակարգը չի աշխատի, բայց մի քանի անգամ առիթ եղավ հանդիպել վարչապետի ու պատկան մարմինների հետ, որոնց հետ խոսելիս հասկանում ես, որ համակարգի աշխատելու պարագայում երաշխիքները բավականին շատ են: Հիմնադրամները բավականին հեղինակավոր են, որոնց բյուջեն մի քանի անգամ ավելի շատ է, քան մեր երկրի բյուջեն»,- ասաց նա՝ նշելով, որ այդ համակարգը պետք է այսօր, որովհետև ներկայիս կենսաթոշակային համակարգը աբսուրդ է:

 

 

Ինչ վերաբերում է «Դ!ԵՄ ԵՄ»-ի դեմ նոր շարժում սկսելու մասին լուրերին, Ցոլակ Հակոբյանն ասաց, որ առաջին անգամ է լսում այդ մասին: «Նմանատիպ խոսակցություններ չեմ լսել, որ լիներ, հաստատ լսած կլինեի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ուսանողական խորհուրդները չեն առնչվում նմանատիպ խնդիրների հետ, դա ուսանողական խնդիր չէ, իսկ բուհից դուրս ցանկացած քաղաքացի քաղաքական դիրքորոշում ունի, ինչը ցանկացած մարդու խնդիրն է: 


Հիշեցնենք, սակայն, որ հանրությունը պարբերաբար տեղեկանում է բուհական ուսանողական խորհուրդների որոշ անդամների աղմկահարույց գործունեության մասին. ավելի վաղ Տնտեսագիտական համալսարանում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանության օրը տեղի ունեցած միջադեպից հայտնի դարձած Սաքուլիկը Տնտեսագիտական համալսարանի ՈԽ անդամ է, իսկ Հայկուլիկը՝ Հայկ Ղևոնդյանը, ով օրերս բախվել էր ՀԱԿ ակտիվիստների հետ, Հայաստանի պետական ագրարային համալսարանի ՈւԽ նախագահն է:


Հիշեցնենք նաև, որ նախորդ տարի ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանն իր «տղաներին»՝ «ախալքալաքցիներին» հրահանգել էր դիմակայել նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի ակցիայի մասնակից «դասադուլավորներին»:


ԵՊՀ ներկայիս ՈւԽ նախագահ Րաֆֆի Քարամյանն էլ նշեց, որ իրենք աշխատում են զերծ մնալ նման բաներից.«Մենք նմանատիպ միջոցառումներից փորձում ենք զերծ մնալ: Իսկ բուհից դուրս յուրաքանչյուրն ունի իր ազատ կամքի իրավունքը: Ես մնացած բուհերի մասով չեմ կարող ասել, մենք կոնկրետ նմանատիպ բաների չենք մասնակցում»:


Մեր ունեցած տեղեկությունների մասին հետաքրքրվեցինք նաև «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամներից: Մեր զրուցակիցը՝ Արսեն Մանուկյանը, ասաց, որ նման տեղեկություններ չունի, իսկ նման դեպքում իրենց քայլերը կորոշի խումբը: «Կոնկրետ իմ մտքով առաջինն անցավ այն, որ նրանց քննարկման կհրավիրենք»,- ասաց նա:

 

«Հայ Յեղափոխական Դաշնակցության» «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանը նույնպես ասաց, որ «Դ!ԵՄ ԵՄ»-ի դեմ ծավալվելիք նոր շարժման մասին տեղեկություններ չունի: Նա նաև կարծիք հայտնեց, թե բոլոր ուսանողական խորհուրդները չարիք են Հայաստանի համար: