Դրեզդենում 11.000 մարդ կենդանի շրջան է կազմել՝ ի հիշատակ Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի
Գերմանիայի Դրեզդեն քաղաքի կենտրոնում մոտ 11.000 մարդ կենդանի շրջան է կազմել։ Ակցիան կազմակերպվել է ի հիշատակ Երկրորդ համաշխարհային պատերազմի և 1945թ. ռմբակոծությունների զոհերի, ռմբակոծություններ, որոնք հողին էին հավասարեցրել այդ քաղաքը։
Բացի այդ, ակցիայի միջոցով բողոք է արտահայտվել նեոնացիստների դեմ, որոնք յուրաքանչյուր տարի փորձում են օգտագործել այս ամսաթիվը՝ սեփական երթերը և իրենց գաղափարախոսության քարոզչությունը կազմակերպելու համար, գրում է ИТАР-ТАСС-ը։
Դրեզդենի ռմբակոծություններն իրականացրել են Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը 1945թ. փետրվարի 13-15-ը։ Կործանարար հարձակումների հետևանքով ամբողջությամբ ոչնչացվել էր քաղաքի պատմական կենտրոնը։ Մինչ օրս հնարավոր չէ հստակ ասել, թե քանի մարդ է զոհվել այդ օրերին։ Ըստ որոշ հաշվարկների՝ մոտ 25.000 մարդ, սակայն որոշ պատմաբաններ վստահեցնում են, որ այդ թիվը կարող է հասնել մինչև հարյուր հազարների։










