Ինդոնեզիան 200.000 մարդ կտարհանի հրաբխի ժայթքման պատճառով

09:05 • 14.02.14

Ինդոնեզիայի իշխանությունների կարգադրության համաձայն՝ Ճավա կղզում 200.000 մարդ է տարհանվելու Կելուդ հրաբխի ժայթքման պատճառով, տեղեկացնում է Лента-ն՝ Agence France-Presse-ին հղումով։

 

Ընդհանուր առմամբ, ծրագրվում է տարհանել հրաբխից մինչև 10 կմ հեռավորության վրա գտնվող 36 գյուղի բնակիչների։ Associated Press-ի տվյալներով՝ նրանցից մի քանի հազարն արդեն տարհանվել է։

 

Կելուդի ժայթքումը սկսվել է փետրվարի 13-ի երեկոյան։ Դրա հետևանքով գոյացած մոխրի ամպերի պատճառով Ինդոնեզիայի 3 միջազգային օդանավակայան փակվել է։

 

Կելուդի վերջին ժայթքումը տեղի է ունեցել 1990թ.՝ դառնալով 30 մարդու մահվան պատճառ։ Իսկ 1919թ. դրա ժայթքումից զոհվել է 5.160 մարդ։