Բրյուսելում գործադուլ են անում վարորդները, իսկ Կիպրոսում՝ էներգետիկները
Կիպրոսի էլեկտրական ընկերության աշխատակիցների 12-ժամյա գործադուլի պատճառով հնարավոր է Կիպրոսի Հանրապետության ողջ տարածքը հոսանքազրկվի, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Այդ մասին նախազգուշացրել է երկրի ցանցային համակարգի օպերատորը:
Կիպրոսի էլեկտրական ընկերությունը բնակչությանը կոչ է արել տնտեսել էլեկտրաէներգիան ողջ օրվա ընթացքում՝ էլեկտրակայանում հավելյալ ծանրաբեռնվածությունից խուսափելու համար:
Կիպրոսի էլեկտրական ընկերության և այլ ընկերությունների մասնավորեցման դեմ գործադուլի մասին հայտարարվել է հինգշաբթի, երբ կառավարությունը հավանություն է տվել ընկերությունների բաժնետոմսերի սպասվող վաճառքի կարգավորման մասին օրենքի նախագծին և այն ներկայացրել Կիպրոսի խորհրդարան՝ հաստատման համար: 24-ժամյա գործադուլ են սկսել նաև Կիպրոսի հեռահաղորդակցման ընկերության և Կիպրոսի նավահանգստային վարչակազմի աշխատակիցները:
Վարորդների՝ այս տարվա ամենախոշոր գործադուլն է սկսվել Բելգիայի մայրաքաղաքում: Ակցիային, որը շարունակվելու է մինչև երեկո, մասնակցում է ավտոբուսների և տրամվայների վարորդների 80 տոկոսը, ինչպես նաև մետրոյի մի քանի հարյուր աշխատակից: Բրյուսելի հասարակական տրանսպորտի օպերատոր-ընկերության աշխատակիցները բողոքում են իրենց գործընկերներից մեկի սպանողի նկատմամբ դատարանի ոչ միանշանակ դատավճռի դեմ:
Ընկերությունում մոտ 30 տարի աշխատած տեսուչ Իլյաս Տախիրայը մահացել է 2012 թվականի ապրիլին: Ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ ներգրավված մեքենայի վարորդի ընկերներից մեկը հարվածել էր տարեց տեսուչին, ինչի հետևանքով, ստանալով գանգուղեղային վնասվածք, վերջինս մահացել էր:
Դատարանի կայացրած վճռի համաձայն՝ մարդասպանը դատապարտվել է պայմանական ժամկետի: Այդ որոշումն առաջացրել է տեղական արհմիությունների սուր դժգոհությունը:










