Մայրաքաղաքում տոնական տրամադրություն է. համերգ-հրավառություն՝ սիրահարների տոնի առթիվ (տեսանյութ, լուսանկարներ)
Այսօր մեկնարկեց սիրո հովանավոր Սուրբ Սարգսի տոնը, ինչը մայրաքաղաք Երևանում տոնական տրամադրություն է առաջացրել: Սիրահարների համար Երևանի քաղաքապետարանը և Արարատյան հայրապետական թեմը Կարապի լճի մոտ համերգ-հրավառություն է կազմակերպել:
Սիրահարներին իրենց կատարումներով ողջունում են հայ էստրադայի մի խումբ երգիչ-երգչուհիներ: Այստեղ են Նարեկ Բավեյանը, Աննա խաչատրյանը, Անահիտ Սիմոնյանը, Սոնա Շահգելդյանը, Ինգա և Անուշ Արշակյանները, Արմինկան և այլք: Համերգից հետո՝ ժամը 22:00-ին, տեղի կունենա հրավառություն:
Համերգի վերջում սպիտակ ձիերով երիտասարդները սիրահարներին աղաբլիթներ կբաժանեն: Նշենք, որ ավանդույթի համաձայն, Սբ Սարգսի տոնին երիտասարդները աղաբլիթ են ուտում, որպեսզի երազում տեսնեն իրենց ապագա կնոջը կամ ամուսնուն:










