Ամերիկացի ծնողներին ձերբակալել են իրենց 4 երեխաներին 1 շաբաթ առանց խնամքի թողնելու համար
ԱՄՆ-ի Սենթրալ Այսլիպ քաղաքում ոստիկանները ձերբակալել են Տուլիո և Մարիա Այալու ամուսիններին, որոնք իրենց 4 երեխաներին 1 շաբաթ շարունակ թողել են առանց խնամքի։
Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, 4, 8, 13 և 15 տարեկան երեխաները տանը մենակ են մնացել, մինչդեռ նրանց ծնողներն ապրել են տան մոտակայքում գտնվող հյուրանոցում։ Իրավապահները պարզել են, որ ծնողները երեխաներին ոչ փող, ոչ էլ սնունդ են թողել։
Բացի այդ, ցուրտ եղանակին տանը ջեռուցումն անջատված է եղել։ Այժմ ծնողները մեղադրվում են երեխաների անվտանգությունը վտանգի տակ դնող գործողությունների իրականացման համար։
Երեխաները ներկայում գտնվում են բարեկամներից մեկի խնամակալության տակ, իսկ նրանց ծնողների գործողությունների դրդապատճառները դեռևս հայտնի չեն։










