2013 թվականի արդյունքներով՝ լավագույն լուսանկար է ճանաչվել Ջիբութիում աֆրիկացի ներգաղթյալների լուսանկարը
Հայտնի են դարձել World Press Photo լուսանկարների միջազգային մրցույթի հաղթողները: 2013 թվականի արդյունքներով՝ լավագույն լուսանկար է ճանաչվել ամերիկացի լուսանկարիչ Ջոն Սթեյնմայերի «Ազդանշան» աշխատանքը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով մրցանակի կայքին:
Լուսանկարում պատկերված են Ջիբութիի մոտակայքում գտնվող լողափում աֆրիկացի փախստականներ, որոնք բարձրացնում են իրենց հեռախոսները՝ փորձելով կապվել Սոմալիում իրենց բարեկամների հետ:
Ջիբութին միջանցիկ կետ է Սոմալիից, Եթովպիայից, Էրիտրեայից փախստականների համար, որոնք փորձում են հասնել մինչև Եվրոպա և Մերձավոր Արևելք:
World Press Photo-ն ամենահեղինակավոր միջազգային մրցույթն է, որն անցկացվում է աշխարհի ֆոտոլրագրողների միջև 1955 թվականից:
Հաղթողների աշխատանքների ցուցահանդեսը ցուցադրվում է աշխարհի բազմաթիվ երկրներում: Այս տարի ցուցադրությունը կսկսվի Ամստերդամում ապրիլի 18-ին:










