Ալմաթիում ցրել են տենգեի արժեզրկումից դժգոհողների հանրահավաքը

15:09 • 15.02.14

Ալմաթիի (Ղազախստան) ոստիկանությունը ձերբակալել է տեղական արժույթի արժեզրկումից դժգոհողների կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցներին, գրում է lenta.ru-ն:

 

Ակտիվիստներին ձերբակալել են քաղաքապետարանի մոտակայքում գտնվող կենտրոնական հրապարակում: Ոստիկանները ձերբակալել են հիմնականում բողոքի ակցիայի ամենաակտիվ մասնակիցներին:

 

Ընդհանուր առմամբ, ակցիային մասնակցել է մոտ 100 մարդ: Հանրահավաքը սկսվել է Հանրապետության պալատի մոտ: Ակտիվիստները փորձել են ճեղքել հրապարակի շուրջ տեղադրված մետաղական պատնեշները, սակայն ոստիկանները նրանց հետ են պահել: Շուտով ակտիվիստների թիվը մեծացել է, և ակցիայի մասնակիցներն ուղղվել են քաղաքապետարան՝ բացականչելով «Առաջ, Ղազախստան»:

 

Ղազախստանի իշխանությունները տենգեի արժեզրկման մասին հայտարարել են փետրվարի 11-ին: Տենգեի կտրուկ արժեզրկման պատճառով աշխատանքը դադարեցրել են շատ փոխանակման կետեր և խանութներ: Մի շարք առևտրի կետերում զգալիորեն աճել են ապրանքների գները: Կենտրոնական բանկի ղեկավարը հայտարարել է, որ արժեզրկումը հաջող է անցել և որ այն նպաստում է Ղազախստանի տնտեսության աճին: