Իտալիայում մեկնարկել է կառնավալային սեզոնը
Իտալիայում մեկնարկել է ավանդական կառնավալային սեզոնը։ Որպես կանոն՝ այն տևում է ավելի քան 2 շաբաթ և այս տարի կավարտվի մարտի 4-ին՝ Զատկից 7 շաբաթ առաջ, որն այս տարի ուղղափառները և կաթոլիկները նշում են ապրիլի 20-ին, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Իտալիայի գլխավոր և ամենահայտնի կառնավալը վենետիկյանն է։ «Ամենաթողության» տոնակատարության թեման, երբ հին ավանդույթի համաձայն՝ ճանապարհում են ձմեռը և դիմավորում գարունը, այս տարի «Անհավանական բնությունն» է։
Բացի փողոցային երթերից, համերգներից, ելույթներից, կառնավալը կանցկացվի նաև Վենետիկի թատրոններում։ Կազանովայի ժամանակաշրջանի ոճով ընթրիքների մուտքի տոմսը կարժենա 600-1000 եվրո։ Կառնավալի ընթացքում Վենետիկում տուրիստական հոսքը կկրկնապատկվի։










