Հայաստանում մարդ չկա, որ ռուսամետ չէ, բայց եկեք մենք մեզ չխաբենք. Վարդան Օսկանյան
Հայաստանում մարդ չկա, որ լրջորեն զբաղվում է քաղաքականությամբ ու ռուսամետ չէ, բայց եկեք մենք մեզ չխաբենք, որովհետև Ռուսաստանն ու Մաքսային միությունը տարբեր հարթությունում են գտնվում։ Այսօր «Բարգավաճ Հայաստանի» 7-րդ հերթական համագումարից հետո հայտարարեց, ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը:
«Ես մտահոգ եմ երկրի ապագայով, մենք չենք կարող Ռուսաստանի հետ ամենաբարձր հարաբերություններ չունենալ, բայց եկեք մենք մեզ չխաբենք. Մաքսային միություն և Ռուսաստանի հետ բարձր մակարդակի հարաբերություններ՝ դրանք երկու տարբեր հարթությունների վրա պետք է դիտարկենք»,- հայտարարեց Վարդան Օսկանյանը և ավելացրեց, որ Հայաստանը սխալ ճանապարհի վրա է:
«Ես՝ որպես նախկին արտգործնախարար, մի մարդ, որը ծանոթ է բանակցային այդ խոհանոցին, լավ գիտակ է հայ-ռուսական հարաբերություններին, ընդհանրապես ԵՄ-ի հետ կապված գործընթացներին, կարծում եմ, որ մենք մեզ նման ընտրության առաջ երբեք չպետք է կանգնեցնեինք, սրա մասին պետք է շատ վաղ մտածված լիներ, որպեսզի մենք մեզ չփակեինք ԵՄ ընձեռած հնարավորություններից, միաժամանակ բարձր մակարդակի վրա պահելով Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները: Սա է ենթադրում դիվանագիտությունը, սա է մեր ժողովրդի պահանջը»,- հավելեց Վարդան Օսկանյանը։
Հիշեցնենք, որ ԲՀԿ կենտրոնական գրասենյակում համագումարն անցկացվում է դռնփակ, որից հետո կուսակցության քաղաքական թիմի անդամները հանդիպեցին լրագրողների հետ:
Հիշեցնենք նաև, որ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստից հետո անդրադառնալով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի հայտարարությանը, որ Մաքսային միության անդամակցության որոշումը հետ քայլ էր, կարծիք էր հայտնել, թե այս անգամ էլ ԲՀԿ-ականները կուղղեն նրա սխալը, ինչպես արեցին ԱԺ ընտրություններից առաջ՝ «Վերտու» հեռախոսի ժամանակ:
«Ինձ համար այդպես էլ պարզ չէր, թե հնչեցրած տեսակետը պատգամավոր Օսկանյանի կարծի՞քն է, թե՞ ԲՀԿ պաշտոնական դիրքորոշումը: Եթե «Ժառանգություն», «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ներկայացուցիչները նման կարծիք հայտնեին, ապա մի տեղ հասկանալի կլիներ: Սակայն քննադատական այդպիսի ելույթ է ունենում մի կուսակցության ներկայացուցիչ, որի առաջնորդը հանդես է գալիս Բելառուսի, Ռուսաստանի հետ տնտեսական, քաղաքական սերտ հարաբերությունների խորացման օգտին»,-հայտարարել էր Շարմազանովը:
Ի պատասխան հարցի, թե Վարդան Օսկանյանին «խմբագրել են», Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ վերջինս չի արել որևէ հայտարարություն, որը հակասի կուսակցության գաղափարախոսությանը,տեսակետներին և երբ պարզ կլինի ՄՄ-ին անդամակցելու տնտեսական շահերը, այն ժամանակ կլինի ԲՀԿ պաշտոնական դիրքորոշումը:«Դա այն է , ինչ ասում է ԲՀԿ-ն, որևէ հակասություն այստեղ չկա»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Համագումարն ավարտվել է մեկ նիստով, որից հետո տեղի ունեցավ նորընտիր քաղխորհրդի նիստ:










