Մարտի 1-ը որևէ մեկի սեփականությունը չէ, և մենք մասնակցելու ենք. Սուրեն Սարգսյան

13:48 • 16.02.14

Ազատամարտիկների ռազմադաշտային միությունը, որն ամիսներ շարունակ իշխանափոխության պահանջով հանրահավաքներ էր իրականացնում Երևանի Ազատության հրապարակում, մասնակցելու է մարտի 1-ին կայանալիք հանրահավաքին, այս մասին Tert.am-ին փոխանցեց միության նախագահ Սուրեն Սարգսյանը։


«Մենք նախատեսում ենք անցկացնել հավաք, իսկ մարտի 1-ին վստահաբար կմասնակցենք հանրահավաքի, մարտի մեկը որևէ մեկի սեփականությունը չէ, որովհետև այդ օրը տականքը կրակեց մեր ժողովրդի վրա, իսկ ազատամարտիկները այդ ժողովրդի զավակներն են, և, բնականաբար, որևէ կրակողի չենք ներելու»,– ասաց նա:


Ի պատասխան հարցի, թե հանրահավաքին մասնակցելու հրավեր ստացել են, նա նշեց, որ դրա կարիքը չկա, քանի որ ժողովրդի վրա կրակել են, 10 անմեղ մարդու կյանք խլել։ «Ինձ համար ի՞նչ տարբերություն, թե էնտեղ ում անունով է հայտ ներկայացված, ես այնտեղ եմ լինելու»,– ասաց նա:


Նա նաև անդրադարձավ հանրահավաքի իրազեկման ակցիաները ինչ-որ անձանց կողմից խոչընդոտելուն և ասաց. «Բոլոր այն լակոտները, ովքեր այսօր խանգարում են, որ մարդիկ թռուցիկ բաժանեն, մենք դրանց հայրերին հետո գտնելու ենք և պատժենք այդպիսի լակոտ լույս աշխարհ բերելու համար: Աննախադեպ բան է, երբ մարդիկ ընդամենը մեկ օր ուզում են հավաքվել, հանրահավաք անել, իսկ դրանք խանգարում են»:


«Նման վերաբերմունք մեր ժողովուրդը չի վաստակել, հատկապես, որ մեկ օր ինչ-որ տականքներ կրակել են ժողովրդի վրա, արդյունքում այդ մարդիկ դարձել են երկրի «տերեր»: Դա ոչ ոքի չի ներվելու, էս ի՞նչ վերաբերմունք է, էսպես չի կարող լինել»,– ավելացրեց Սուրեն Սարգսյանը:


Ազատամարտիկների պառակտման մասին շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ Սուրեն Սարգսյանը վստահեցրեց, որ իրենք չունեն նման խնդիր, իրենք ունեն իրենց խնդիրը՝ իշխանություններին հեռացնել։ Նա նաև ասաց, որ դավաճանություն է համարում փորձերը՝ ստեղծելու այնպիսի պատկեր, թե պառակտվածություն կա ազատամարտիկների մեջ։


Անդրադառնալով «Երկրապահ կամավորականների միության» փետրվարի 15-ի համագումարին՝ Սուրեն Սարգսյանը նշեց, որ իրենց տղաներից շատ քչերն էին մասնակցում դրան։


«Հիմնականում մասնակցում էին իշխանական հացկատակներ՝ ծաղրածուներ, որոնց պահում էին մեր արքաները հացի վրա կատակ անելու համար: Եթե Հովհաննես Թամամյանն ու Մարգար Օհանյանն էլ են մասնակցել, ապա պարզապես հերթական անգամ պղծեցին երկրապահի գաղափարը»,– ասաց նա: