Ավստրալիան լրտեսել է Ինդոնեզիային և տեղեկությունները կիսել ԱՄՆ-ի հետ
Ավստրալիայի հատուկ ծառայությունները գաղտնալսել են ինդոնեզացի իրավաբանների հեռախոսները, որոնք առևտրային բանակցություններ են վարել, ապա այդ տվյալները փոխանցել են իրենց ամերիկացի գործընկերներին։
Ինչպես տեղեկացնում է Russia Today-ը, այդ մասին հայտնի է դարձել The New York Times-ում Էդվարդ Սնոուդենի գաղտնազերծած փաստաթղթերի հերթական խումբը հրապարակելու արդյունքում։
Ավստրալիայի վարչապետը հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկությունը։
«Մենք երբեք չենք մեկնաբանում հետախուզության գործողությունները։ Դա հին պրակտիկա է՝ տարբեր քաղաքական հայացքներ ունեցող կառավարությունների համար»,-ասել է նա։
Նա միաժամանակ նշել է, որ Ավստալիան երբեք ունեցած տեղեկությունները չի օգտագործել այլ երկրների վնաս հասցնելու համար։
Հարաբերություններն Ավստրալիայի և Ինդոնեզիայի միջև սրվել էին 2013թ.-ի նոյեմբերին, երբ բացահայտվել էին փաստեր՝ լրտեսելու վերաբերյալ։ Ավստրալիայի հատուկ ծառայությունները գաղտնալսել էին Ինդոնեզիայի նախագահի և նրա կնոջ հեռախոսները, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների։










