Համազգային գործադուլ կամ մեկ օր քաղաքացիական ընդվզում. «Դ!ԵՄ ԵՄ»-ի քննարկումը՝ Մաշտոցի պուրակում (լուսանկարներ, տեսանյութ)

16:03 • 16.02.14

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթների, մասնավորապես պարտադիր բաղադրիչի դեմ հանդես եկող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները մտադիր են համազգային գործադուլ կամ մեկ օր քաղաքացիական ընդվզման ակցիաներ կազմակերպել:

 

Նախաձեռնության անդամներն այսօր հավաքվել էին Երևանի Մաշտոցի պուրակում՝ իրենց հետագա անելիքները հստակեցնելու, ինչպես նաև դրանց արդյունավետության քննարկման նպատակով:

 

«Քանի որ արդեն մի քանի տեղ գործադուլներ եղան, մի քանի տեղերում էլ ընդվզման նման ինչ-որ բաներ տեղի ունեցան, հիմա փորձում ենք այնպես անել, որ այդ բոլորը մի օր, միաժամանակ լինի և գործադուլ անենք: Դա կարող է կազմակերպվել արհմիությունների միջոցով կամ առանց նրանց: Հիմա մեզ պետք են, որ ամեն հիմնարկներում լինեն մարդիկ, որոնք աշխատեն այդ թիմերի հետ»,-հայտարարեց նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը՝ նշելով, որ այսօրվա նպատակն է աշխատանքային խմբերի մեջ ներառել մարդկանց:

 

Անդամներից ոմանք ընդունեցին համազգային գործադուլի գաղափարը, բայց դա միանշանակ չընդունվեց հավաքվածների կողմից. նրանց շարքում կար նաև Մեծամորի ատոմակայանի աշխատակից, ով տեղեկացրեց, որ իրենք, ինչպես նաև Հայաստանի էլեկտրացանցերի և երկրի համար կարևոր դեր ունեցող համակարգերի աշխատակիցներ իրավունք չունեն գործադուլ անել:

 

Առաջարկվեց նաև «ամոթանքի ակցիա» կազմակերպել և ամոթանք տալ բոլոր այն գործատուներին, որոնք, ըստ քննարկման մասնակիցների, որոշակի ճնշումներից ելնելով՝ աշխատանքից ազատում են իրենց աշխատակիցներին: Նախաձեռնության անդամները նաև որոշեցին շարունակել փոքրաթիվ մարդկանցով ակցիաները, որոնք, ըստ նրանց, մեծ արդյունք են ունենում:

 

Նախաձեռնության անդամ Արտաշես Արաբաջյանը ընդգծեց, որ պետք է իշխանությունների «կուտը չուտել» և իրենց պայքարի խնդիրը չտեղափոխել գործատու-աշխատող հարաբերությունների դաշտ:

 

Անդրադառնալով քննարկումներին՝ Tert.am-ի հետ զրույցում նա ասաց. «Մեզ մոտ այս հավաքները կային մինչև ձմեռը, սրանք ավանդական հավաքներ են, ձմեռային դադարից հետո մենք տեսանք, որ կա անհրաժեշտություն, որ մարդիկ առաջինն իրար հետ ծանոթանան, քննարկեն, տեսնեն՝ հաջորդ քայլերը որոնք են լինելու»:

 

Նշենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով՝ 2014թ. հունվարի 1-ից սկսած 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված անձանցից պարտադիր կերպով պետք է պահվեն աշխատավարձերի 5-10%–ը։ Այս գումարները փոխանցվում են կուտակային ֆոնդերին և որոշակի հավելումներով, տարիներ անց կտրամադրվեն որպես կենսաթոշակ: Օրենքը դժգոհություններ է առաջացրել հասարակության որոշ շերտերում և տեղիք տվել տարաբնույթ բողոքի ակցիաների, հանրահավաքների և երթերի։ 

 

Հիշեցնենք, որ ԱԺ ոչ իշխանական 4 ուժերը դիմել էին Սահմանադրական դատարան՝ վիճարկելով օրենքի այլ դրույթների, մասնավորապես՝ պարտադիր բաղադրիչի սահմանադրականությունը։ Նախաձեռնությունը և 4 ուժերը նաև միջնորդություն էին ներկայացրել՝ մինչև այդ հարցի քննումը կասեցնել օրենքի պարտադիր դրույթի կիրառումը։

 

Սահմանադրական դատարանը 2014թ. հունվարի 24-ին ժամանակավորապես կասեցրել էր «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ հոդվածների կիրարկումը. կասեցված 76-րդ հոդվածը վերաբերում է պատասխանատվությանը՝ պարտադիր կուտակային վճարները չկատարելուն կամ ուշացումով կատարելուն։ Իսկ կասեցված մյուս՝ 86-րդ հոդվածի 3-րդ մասում ասվում է. «Պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները մինչև 2014 թվականի հունվարի 1-ը պետք է սույն օրենքով նախատեսված կարգով կատարեն կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն, այլապես ընտրությունը կատարվում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 39-րդ հոդվածով սահմանված կարգով»: