Եվգենի Պլյուշչենկոն հրաժարվել է նաև ցուցադրական ելույթներից
Ռուսաստանցի գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն հրաժարվել է մասնակցել Սոչիի Օլիմպիական խաղերի ցուցադրական ելույթներին, որոնք ծրագրված էին փետրվարի 22-ին, հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով մարզիկի գործակալ Արի Զաքարյանի հայտարարությունը:
Ըստ այդմ` Պլյուշչենկոն չի կարողանա հանդես գալ ցուցադրական ելույթով` առողջության վիճակի բերումով:
Փետրվարի 13-ին 31-ամյա մարզիկը դուրս էր եկել գեղասահորդների անհատական մրցարշավից` մեջքի վնասվածքը պատճառաբանելով:
Կարճ ծրագրի փորձի ժամանակ նա անհաջող ցատկ էր կատարել, ինչից հետո հրաժարվել էր սառույց դուրս գալ: Դրանից հետո Պլյուշչենկոն հայտնել էր իր կարիերան ավարտելու մասին:
Մարզիկի կինը` պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան, հայտնել էր, որ ապաքինման համար ամուսնուց մեկ ամիս կպահանջվի:
Սոչիում Պլյուշչենկոն Ռուսաստանի թիմին ոսկե մեդալ էր բերել: Նա կրկնակի օլիմպիական չեմպիոն է: 2002-ի և 2010-ի Օլիմպիական խաղերում նաև արծաթե մեդալ էր շահել:










