Թբիլիսհայերը գնացել են պաշտպանելու վիրահայոց թեմի առաջնորդի պատիվը, իսկ վիրավորողը նրանց դիմավորել է կացնով
Թբիլիսիում երեկ տեղի է ունեցել սկանդալային միջադեպ: Մասնավորապես, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Միրզախանյանի ու Վրաստանի տարածքում Հայաստանեայց առաքելական եկեղեցու պատիվը պաշտպանելու համար Սբ Էջմիածին եկեղեցու տարածքում հավաքված թբիլիսահայերը ուղևորվել են դեպի հայ համայնքի ներկայացուցիչ Վրաստանի նախագահին կից ազգային և կրոնական փոքրամասնությունների խորհրդի անդամ Գոգա Էլիբեկովի տուն, որն էլ նրանց ընդառաջ դուրս է եկել կացնով:
Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանում գործող «Երկրամաս» պարբերականը, որին մանրամասների են հաղորդել են «Թբիլիսայահերի ասամբլեա» հասարակական կազմակերպության երկայացուցիչները:
Ըստ պարբերականի՝ Վաղ առավոտյան Վրաստանում գործող Սբ Էջմիածին եկեղեցու տարածքում հավաքված Վիրհայոց թեմի անդամները դիմել են «Հայարտուն» մշակութային կենտրոն՝ պահանջելով հրավիրել Գոգա Էլիբեկովին, որպեսզի նա ներկայացնի համապատասխան ապացույցներ Վիրահայոց թեմի առաջնորդարանի «անբարեխիղճ գործունեության» վերաբերյալ, ինչպես նաև՝ իր «բազմաթիվ համախոհներին», որոնց անունից հանդես է գալիս:
Մի քանի հեռախոսազանգերից հետո, երբ պարզվել է, որ Գոգա Էլիբեկովը հրաժարվում է հանդիպումից, մարդկանց բազմությունը շարժվել է դեպի նրա բնակարան:
Կես ճանապարհին նրանց ընդառաջ դուրս է եկել Գոգա Էլիբեկովն ինքը և սկսել վիրավորել մարդկանց առաջնորդող Տեր Մանուկ քահանային՝ «ոչ ցենզուրային բառերով», ինչպես նաև հարվածել նրան, ինչով սադրել է հոգևորականի կողմնակիցներին, որոնք Էլիբեկովին ապտակներ են հասցրել:
Սրանից հետո Էլիբեկովը փախել է իր տան ուղղությամբ՝ օգնություն կանչելով հարևաններին, ապա նորից վերադարձել՝ կացնով: Նրանից խլել են կացինը, և այս ընթացքում կանանցից մեկը թեթև վնասվածք է ստացել:
Միջադեպն այսքանով չի ավարտվել, որովհետև հաղորդվում է, որ դրանից հետո էլ Էլիբեկովը մի քանի անգամ վերադարձել է և փորձել կռիվ հրահրել: Կռվին փորձել է միջամտել Գոգա Էլիբեկովի որդին:
Միջադեպից հետո Սբ Էջմիածնի բակ է ժամանել վրացական ոստիկանությունը, ում միջադեպի մասնակիցները դեպքի վերաբերյալ բացատրություններ են տվել:
Ըստ «Երկրամաս»-ի՝ վիրահայոց թեմի անդամները նոր չէ, որ պահանջում էին պատասխանատվության ենթարկել Գոգա Էլիբեկովին՝ Վիրահայոց թեմի առաջնորդի և Վրաստանում Հայաստանեայց առաքելական եկեղեցու հեղինակությունը մրոտելու փորձերի համար:










