Կուտակայինի հարցում ինչ–որ մեկը պետք է զիջման գնա, սակայն դա «Դ!ԵՄ ԵՄ»-ը չէ (տեսանյութ)
Պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի դեմ հանդես եկող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ Արտաշես Արաբաջյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ համակարգի մասին փետրվարի 15-ի ելույթում առաջինը տեսնում է բացահայտ ճնշում թե՛ Սահմանադրական դատարանի, թե՛ հանրության վրա, սակայն ինչ–որ մեկն այս հարցում պետք է զիջման գնա:
«Պայքարի հարցում նահանջել, չնահանջելը կախված է, թե ինչ ճնշում կգործադրի հանրությունը։ Հիմա նախագահը մի բան ասաց, Կառավարության անդամները, Կենտրոնական բանկը ինչ-որ բաներ ասացին, այդ բոլորը ես գնահատում եմ որպես ճնշումներ, ու ամեն ինչ կախված է նրանից, թե մենք, հանրությունը կկարողանա՞նք ինքնակազմակերպվել ու հակաճնշում գործադրել, իսկ ցանկացած ճնշման դեմ կարող է լինել ավելի ուժեղ ճնշում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա՝ շեշտելով, որ ինչ-որ մեկը պետք է գնա զիջման, իսկ թե ով կգնա զիջման, ժամանակը ցույց կտա:
Նախաձեռնության անդամը նաև նշեց, որ համակարգի դեմ պայքարում ինքը շատ դրական միտում է տեսնում, արդեն մի քանի կազմակերպություններում աշխատակիցներն ինքնակազմակերպվում են: «Պայքարը ես հիմա համարում եմ սնկային, որովհետև սնկի պես անձրևից հետո ինչ-որ տեղեր պայքարի ինչ-որ օջախներ են բռնկվում: Միանշանակ, միակ հնարավորությունը, որ մենք ունենք այս հարցին լուծում տալու համար, այդ սնկերին նպաստելն է»,- ասաց նա:
Վերջինիս կարծիքով՝ կան մարդիկ, որ մի քիչ են վախենում պայքարելուց, կան մարդիկ, որոնք մի քիչ շատ են վախենում: Ըստ նրա՝ արդեն նույնիսկ վախեցող մարդիկ են ոտքի ելնում:
Նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Հայկ Ավետիսյանն էլ նշեց, որ Սերժ Սարգսյանը փորձում էր ասել, թե ոչ մի փոփոխություն էլ չի լինելու, բայց դա իրենց համար որևէ կերպ չի նշանակում տեղում մնալ:
«Այս պայքարը ստեղծվել է այն նպատակով, որ հասնենք հաղթանակի, և մենք հասնելու ենք հաղթանակի ցանկացած տիպի հանրային անհնազանդությամբ, դա լինելու է տարբեր մեթոդներով: Ստեղծելու ենք ցանցային պայքար, փորձելու ենք հասնել նրան, որ հանրահավաքներին, երթերին լինեն շատ մարդիկ ոչ միայն Երևանից, այլ նաև մարզերից»,-ասաց նա:
Նախաձեռնության անդամի վստահեցմամբ՝ նույնիսկ եթե Սահմանադրական դատարանը «կուտակային»–ի մասին օրենքը ճանաչի սահմանադրական, միևնույն է, իրենց պայքարը շարունակվելու է. «Որովհետև ՀՀ-ում պետք է լինի այնպես, որ վերջին ատյանը լինի ժողովուրդը։ Դա է մեր նպատակը, ու անպայման մենք հասնելու ենք դրան, ետդարձի տեղ չկա, նահանջ չկա»:
Ինչ վերաբերում է իշխանությունների գործելաոճին, Հայկ Ավետիսյանը նկատեց, որ պայքարի ընթացքում տարբեր քաղաքական գործիչներ, որոնք կողմ են օրենքին, նախ շատ դժվարությամբ մեկ, երկու անգամ ընդամենը մասնակցել են բանավեճի, և հետո նրանցից շատերը մի օր մի բան են ասում, մի ուրիշ օր՝ մեկ այլ բան, որը նախորդին հակասում է:
«Իրականում իրենք չունեն մեկնաբանություն: Իրականում խոսքը երկարատև փողի մասին է, ինչը Հայաստանին տանելու է դեպի ավելի խորը ճգնաժամ»,-եզրափակեց նախաձեռնության անդամը:










