ԵՄ-ն, այնուամենայնիվ, ցանկություն ունի ՀՀ-ի հետ շարունակել իր գործունեությունը. Արմեն Մարտիրոսյան
«Արևելյան գործընկերության 20 կետերը` Վիլնյուսից հետո» խորագրով փաստաթուղթը խոսում է նրա մասին, որ Եվրոպայի գործընկերները, այնուամենայնիվ, ցանկություն ունեն Հայաստանի հետ շարունակել իրենց գործունեությունը. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
«Բայց նույնիսկ այդ արտահայտությունները` ավելի խորը համագործակցություն Վրաստանի ու Մոլդովայի հետ, ԵՄ-ի հեռանկարը Ուկրաինայի համար և Հայաստանի, այսպես ասած, որոշակիորեն սահմանափակ համագործակցությունը խոսում է այն մասին, որ Հայաստանի կարգավիճակը շատ երկրների մեջ նվազեցված է»,- նկատեց կուսակցության փոխնախագահը։
Բացի այդ, Արմեն Մարտիրոսյանը նաև դրական է գնահատում այն, որ ԵՄ-ն հասկացել է, որ ավելի բաց պետք է աշխատեն հասարակության հետ։ «Հասկացել են, նաև որ Ասոցացման համաձայնագիրը իրենք պետք է ներկայացնեին, որպեսզի մենք կարողանայինք այսօր հստակորեն համեմատություններ անցկացնել Ասոցացման համաձայնագրի և Մաքսային միության պայմանների միջև, որը շահեկանորեն տարբեր էր հօգուտ Ասոցացման համաձայնագրի»,- նշեց նա:
Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ կետերի մեջ պետք է ներառվեր նաև այն, որ հենց եվրոպացիները գնահատեին իրական գործընթացները, ընտրությունների իրական վիճակը։ «Եվ ոչ թե այն իրավիճակը լիներ, որ եղավ Հայաստանի պարագայում, երբ կեղծված ընտրությունները եվրոպացի մեր գործընկերները ճանաչեցին մեկ քայլ առաջ և որից հետո իշխանությունն իրեն ապահովելով Եվրոպայից՝ գնաց դեպի Մաքսային միություն, որովհետև իշխանությունը կորցնելու վտանգն արդեն այդտեղից էր գալիս»,- նշեց նա և հավելեց, թե ցանկացած պարագայում իր կարծիքով կետերը արտացոլում են այն իրավիճակը, որ կա։
«Մենք տեսանք, որ կետերի մեջ կա դրույթ, որ Ռուսաստանը չպետք է ճնշի գործընկերներին, բայց ցանկացած պարագայում որոշակի իրականության դաշտի մեջ գտնվելով, այդ կետերը հնարավոր է, որ հետագայում օժանդակեն որոշակիորեն սերտացնելու Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները, բայց եթե դա լինելու է բովանդակային, և ոչ թե այնպես, ինչպես մինչև հիմա է եղել. օրենսդրական փաթեթները կամ գնահատականները մեզ ոչինչ չեն տա»,-նշեց նա։
Ինչ վերաբերվում է Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական՝ 14-րդ նիստում ԵՄ գործընկերների վերաբերմունքին Հայաստանի պատվիրակությանը, և այն փաստին, որ առաջին անգամ համատեղ հայտարարություն չի ընդունվել, Արմեն Մարտիրոսյանը նշեց, թե դա սպասելի էր այն բանից հետո, երբ Հայաստանը 4 տարի եվրոպացիների հետ բանակցելուց հետո գնաց դեպի Մաքսային միություն։
«Չեմ կարծում, որ այստեղ Ռուսաստանի խնդիրը կար, դա Եվրոպայի պատասխանն էր։ Հենց այդ նույն պատվիրակությունը ՄՄ հայտարարությունից հետո Հայաստան չէր եկել, ու ոչ հայանպաստ բանաձևեր էին հիշվում Արցախի վերաբերյալ։ Հայկական տարբերակով «քցելուց հետո» պարզ է, որ եվրոպացիները պատասխան տալու բարոյական և քաղաքական բոլոր իրավունքներն ունեն և իրենք ընդամենն այդ պատասխաններն են տալիս»,- ասաց նա։
Հարցին, թե դրանից հետո չի կարծում, որ ակնկալվող բովանդակության փոխարեն Արևելյան գործընկերության 20 կետերը կլինեն հերթական ձևական փաստաթուղթը, Արմեն Մարտիրոսյանը նշեց, թե Հայաստանի համար էական է այն, որ այնպիսի վիճակ ստեղծվի երկրում, որ հնարավոր լինի իրական քայլեր կատարել։










