Հափշտակված Boeing 767 ինքնաթիռը պարտադրված վայրէջք է կատարել Ժնևում

11:09 • 17.02.14

Ethiopian Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing 767-ը պարտադրված վայրէջք է կատարել Ժնևի օդանավակայանում, այս մասին գրում է rt.com-ը:


Ինքնաթիռն իրականացնում էր 702 չվերթը Եթովպիայի մայրաքաղաք Ադիս–Աբեբայից Հռոմ: Ավիաընկերությունում հաստատել են ինքնաթիռի հափշտակման փաստը:


Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռից ստացվել է 7500 կոդով (ինքնաթիռի հափշտակում) տագնապային ազդանշանը:


Դեպքի վայր են եկել արտակարգ ծառայությունների մեքենաները, ինչպես նաև բանակցողներ: Ժնևի օդային տարածքը փակվել է: Մանրամասները պարզվում են:


Ավիաընկերությունը մամուլի հաղորդագրություն է տարածել, որտեղ հաստատել է Ժնևի օդանավակայանում իր ինքնաթիռի չնախատեսված վայրէջքի փաստը:


Ժնևի օդանավակայանի պաշտոնական անձինք հաստատել են Boeing 767 ինքնաթիռում պատանդ վերցնելու փորձը: «Ինքնաթիռում իսկապես փորձ է կատարվել պատանդ վերցնել մարդկանց: Ավելի մանրամասն տեղեկություններ ես տալ չեմ կարող: Այժմ տեղում աշխատում է ոստիկանությունը»,- ասել է օդանավակայանի մամուլի խոսնակը:


Քանի մարդ է գտնվում ինքնաթիռում դեռ հայտնի չէ: Ethiopian Airlines ավիաընկերության տվյալներով՝ ուղևորներին և անձնակազմի անդամներին վտանգ չի սպառնում: Հաղորդվում է նաև, որ օդաչուները կարողացել են լքել ինքնաթիռը: Ինքնաթիռը հափշտակած անձը ձերբակալվել է:


Airlinereporter.com-ի տվյալներով՝ Boeing-ը սկսել է հափշտակման մասին ազդանշան ուղարկել, երբ թռչելիս է եղել Սուդանի տարածքի վրայով: Վայրէջքի ժամանակ ինքնաթիռին ուղեկցել են շվեյցարական ռազմական ինքնաթիռները: