Լավրով. արևմտյան ԶԼՄ-ները Ուկրաինայում իրավիճակի մասին մեծ քանակությամբ փաստեր են թաքցնում

16:03 • 17.02.14

Արևմտյան ԶԼՄ-ները թաքցնում են մեծ քանակությամբ փաստեր Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է ИТАР-ТАСС-ը:


«Նայեք, թե ինչպես են հիմա արևմտյան ԶԼՄ-ները ցույց տալիս Ուկրաինայից նկարները: Շատ դրական նկարներ են՝ խաղաղ ընդդիմադիրները պահանջում են արդարություն, կարգ, իսկ վայրի իշխանությունները նրանց ճնշում են ուժով»,- ասել է նախարարը:


«Իրականում թաքցվում են մեծ քանակությամբ փաստեր այն մասին, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում: Ես կուզենայի հիշեցնել, որ կան նաև ռուսական հեռուստաալիքներ, այդ թվում ռուսալեզու, անգլալեզու և արաբալեզու, որոնք մանրամասն ցույց են տալիս, թե ինչ ուժերի հետ են հիմա բախվում Ուկրաինայի իշխանությունները և ընդդիմությունը՝ բացահայտ ծայրահեղական, անտիսեմիտական: Եվ այդ գործընթացը լռեցվում է, դժբախտաբար»:


Ռուսաստանի արտգործնախարարը կոչ է արել արևմտյան ԶԼՄ-ներին փաստերը չաղավաղել: «Երբ գիտակցաբար փորձում են օգտագործել իրենց գերակայող դիրքը զանգվածային լրատվամիջոցների մեջ բացահայտ սուտը տարածելու, իրականությունը իրենց գեոպոլիտիկ շահերին հարմարացնելու համար, դա  հարգանք չի առաջացնում այն երկրների նկատմամբ, որոնք դրանով զբաղվում են»,- նշել է նախարարը: