Գերմանացի նախարարներին քննադատել են աշխատավայրում գիշերելու համար

12:50 • 17.02.14

Գերմանական ընդդիմությունը քննադատել է Անգելա Մերկելի կառավարության նախարարներին, որոնք գիշերում են Բեռլինի իրենց գրասենյակներում, գրում է lenta.ru-ն: Ինչպես պարզել է Spiegel ամսագիրը, այդ հնարավորությունից օգտվում են արդարադատության նախարար Հեյկո Մաասը, աշխատանքի հարցերով նախարար Անդրեա Նալեսը, ընտանիքի հարցերով նախարար Մանուելա Շվեզիգը և պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը:


Մասնավորապես՝ ընտանիքի հարցերով նախարարությունում պատրաստված է մահճակալով, պահարանով, լոգարանով և խոհանոցով առանձնասենյակ: Պաշտպանության նախարարը գիշերում է 7,4 քառակուսի մետր տարածք ունեցող սենյակում, որտեղ մահճակալ է տեղադրված:


Ընդդիմության կարծիքով՝ գերմանացի նախարարները, գիշերելով աշխատանքային վայրում, տնտեսում են Բեռլինում բնակարան վարձակալելու գումարը, մինչ իրենց ընտանիքներն ապրում են Գերմանիայի այլ քաղաքներում: «Ձախերի» կուսակցությունը կարծում է, որ քանի որ նրանք օգտվում են իրենց նախարարություններում հանգստի սենյակներից անվճար, ապա պետք է հարկային փաստաթղթերում նշեն մինչև 221 եվրոյի գումարին համարժեք այդ բոնուսը: