Բոլորին է հայտնի՝ պատերազմի տարիներին Սուրիկ Խաչատրյանը զբաղված է եղել երկրի թալանով. Գորիսի նախկին քաղաքապետ
Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը գտնում է, որ Հայաստանում արդեն զարմանալ չի կարելի, երբ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին ընտրում են «Երկրապահ կամավորականների միության» վարչության անդամ:
«Բոլորն էլ գիտեն, որ Սուրիկ Խաչատրյանը ճակատում չի եղել: Այո, նրան հանիրավի նշանակել են Գորիսի պայմանագրային գումարտակի հրամանատար, բայց բոլորը գիտեն, որ նա խուսանավել է ռազմաճակատ գնալուց. նա այդ ընթացքում պարզապես թալանով է զբաղել, իսկ այսօր ես կարդում եմ, որ ԵԿՄ վարչության նախագահը ասում է, որ տեսել է, թե Սուրիկ Խաչատրյանը՝ տխրահռչակ Լիսկան կռվել է»,-Tert.am-ին ասաց նա՝ վստահեցնելով, որ նախկին մարզպետն այդ ժամանակ «բացառապես զբաղված է եղել երկրի թալանով»:
Վերջինիս խոսքով՝ այն, որ Սուրիկ Խաչատրյանը չի գնացել պատերազմ, դեռ մի քանի ամիս առաջ հաստատել են Վազգեն Մանուկյանը, պաշտպանության երկարատև փոխնախարար Վահան Շիրխանյանը, հռչակավոր Կոմանդոսը, բազմաթիվ գնդերի ու զորամասերի հրամանատարներ:
«Նա այդ ժամանակ ունեցել է ընդամենը մի հին ժիգուլի և մի երկու սենյականոց բնակարան: Եվ այս տարիների ընթացքում, ես ուսումնասիրել եմ, որ նա ունի 200 և ավել մլն. դոլարի կարողություն, որն ավելին է, քան Սյունիքի բոլոր համայնքների և քաղաքների վերջին 23 տարիների բյուջեները միասին վերցրած»,-ասաց Սամվել Հարությունյանը:
Դառնալով ԵԿՄ վարչության նախագահին՝ նա ավելացրեց. «Գուցե Մանվել Գրիգորյանը գիտի, որ ներկա ռեժիմի պայմաններում ոչ մի դատարան չի հանդգնի տխրահռչակ Սուրիկ Խաչատրյանի հանցանքները բացահայտել, դրա համար էլ ասել է, թե եթե որևէ դատարան նրան դատի տա, ինքն էլ կգնա և կխփի նրա ճակատին»:
Սամվել Հարությունյանի համոզմամբ՝ ԵԿՄ-ի համար պարզապես պատիվ չէ, որ Սուրիկ Խաչատրյանը հանդիսանում է միության անդամ:










