Ամերիկացի սատանիստուհին խոստովանել է 22 սպանություն
42-ամյա տղամարդու սպանության մեջ մեղադրվող Փենսիլվանիայի բնակչուհին ստանձնել է ևս առնվազն 22 մարդու սպանության համար պատասխանատվությունը: Այդ մասին 19-ամյա Միրանդա Բարբուրը հայտարարել է շրջանային The Daily Item թերթին տված հարցազրույցում:
Բարբուրը պնդում է, որ 4 տարեկանում ենթարկվել է սեռական բռնության, իսկ սպանել սկսել է 13 տարեկանից, երբ դարձել է ինչ-որ սատանիստական աղանդի անդամ:
Նա պատմել է, որ ինքը մի քանի տասնյակ սպանություններ է գործել Կալիֆոռնիայի, Տեխասի և Հյուսիսային Կարոլինայի տարածքներում, բայց ամենաշատը՝ Ալյասկայում:
«Երբ ես հասա 22-ի, ես դադարեցի հաշվել»,- ասել է աղջիկը թերթին՝ հավելելով, որ կարող է նշել քարտեզի վրա, թե որտեղ են տեղի ունեցել այդ սպանությունները:
Աղջիկը նշել է, որ չի զգացել ոչ մի խղճահարություն իր զոհերի նկատմամբ, և նրանց կսպաներ նորից, եթե հայտնվեր ազատության մեջ:
42-ամյա տղամարդու սպանության մասին նա ասել է, որ չէր ցանկանում սպանել տղամարդուն, սակայն վերջինս «սխալ խոսքեր էր ասում». երբ աղջիկը տղամարդուն խաբել է, որ նա ընդամենը 16 տարեկան է, տղամարդը շարունակել է պնդել, որ ինտիմ կապ ունենան։










