Հուդզոն գետից դուրս են հանել հայտնի դիզայներ Միշել Սավոյայի մարմինը

14:47 • 17.02.14

Հուդզոն գետում գտել են  նյույորքցի հայտնի դիզայներ Միշել Սավոյայի մարմինը: 55-ամյա մոդելյերի դին հանել են այն վայրի մոտակայքում, որտեղ կայանած էր իր զբոսանավը: Դիզայները, իր մահվան նախօրեին, հանգստանում էր այդտեղ, գրում է vesti.ru-ն՝ հղում անելով New York Post-ին:


Ոստիկանությունում հայտնել են, որ Սավոյան հավանաբար հարբած է եղել և պատահաբար է ընկել նավից: Նրա ընկեր Ալբերտո Ալոնսոն, որը երկար ժամանակ նրա մոտ վարորդ էր աշխատել, չի կարողացել երկու օրվա ընթացքում կապվել նրա հետ և դիմել է իրավապահ մարմիններին:


Դիզայները հագուստ էր պատրաստում շոու-բիզնեսի այնպիսի աստղերի համար, ինչպիսիք են Ռոբերտ դե Նիրոն, Րիկի Մարտինը և Միկի Ռուրկը:


Վերջին անգամ նրանց տեսել են հասարակության մեջ հինգշաբթի օրը Chelsea Club Marquee New York-ը լքելիս, երբ ավարտվել է Նյու Յորքի նորաձևության շաբաթը: Ուրբաթ օրը՝ փետրվարի 14-ին, նա պետք է ընթրեր ընկերուհու հետ Սուրբ Վալենտինի օրվա առիթով: Սակայն ժամադրության չի եկել: Դիզայների ընկերները նշել են, որ նա երբեմն որոշ ժամանակով կորում էր, սակայն նրա հետ հնարավոր էր լինում կապ հաստատել:


Հայտնի է, որ դիզայներն արդեն մեկ անգամ հարբած վիճակում ընկել էր նավից, սակայն այդ անգամ նրան կարողացել էին փրկել: