Ոստիկանությունը Սոչիում ձերբակալել է իտալացի նախկին տրանսգենդեր-պատգամավորին
Անցած կիրակի օրը` փետրվարի 16-ին, ռուսական ոստիկանությունը Սոչիում ձերբակալել է հայտնի տրանսգենդեր-ակտիվիստ և Իտալիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Վլադիմիր Լուկսուրիային` ծիածանագույն դրոշով ցույցի համար, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Gay Russia-ին:
Վլադիմիր Լուկսուրիան ձերբակալվել է միասեռականների շարժման դրոշը ձեռքին, որի վրա ռուսերեն գրված է եղել «գեյ-օքեյ»:
Իտալական ԼԳԲՏ-ակտիվիստները տեղեկացրել են տեղի ունեցածի մասին երկրի արտգործնախարար Էմմա Բոնինոյին, որը հայտարարել է, որ արդեն հայտնել է դեպքի մասին Ռուսաստանում Իտալիայի հյուպատոսությանը, ինչպես նաև արտահայտել է իր անհանգստությունը ռուսական արտգործնախարարությանը: Ակտիվիստների խոսքերով՝ ոստիկանությունը կոշտ է գործել և «ոչ մեկ չի խոսել անգլերեն»:
Twitter-ում կիրակի օրը իր հրապարակած վերջին հաղորդագրության մեջ Վլադիմիր Լուկսուրիան գրել է՝ «Սոչիում եմ: Ողջունում եմ ծիածանի գույներով, Պուտինի դեմքի առաջ»:
Իտալական ԶԼՄ-ների տվյալներով՝ մի քանի ժամից Լուկսուրիան ազատ է արձակվել:










