ԱԻՄ–ն առաջարկում է փետրվարի 18-ն ազդարարել Ազատության օր (տեսանյութ, լուսանկարներ)

17:50 • 18.02.14

Երևանի Ազատության հրապարակում այսօր հրավիրված հանրահավաքը մեկնարկին «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության անդամները նախ հնչեցրեցին Հայաստանի հիմնը, ապա տերունական աղոթքը, ինչից հետո արդեն ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարեց, թե փետրվարի 18-ը պետք է ազատության օր հռչակվի։


«Այսօր, երբ Հայաստանը կանգնած է ռուսական իմպերիալիզմի նոր դրսևորման՝ երեք բռնապետների դաշինք Մաքսային միությանը բռնակցվելու վտանգի առջև, մենք պարտավոր ենք հիշել մեր պատմությունը և առաջնորդվել մեր արժանավոր նախնիների դասերով»,– ասաց նա։


Պարույր Հայրիկյանը հիշեցրեց, թե ինչպես 1921թ. փետրվարի 18-ին հայերն ապստամբեցին կոմունիստական բռնապետության դեմ և ազատագրեցին Երևանը: Հիմա էլ ակցիայի մասնակիցներին նա առաջարկեց համախմբվել և «ո՛չ» ասել բոլշևիկյան բռնապետ Ռուսաստանի Դաշնությանը:


«ԱԻՄ-ն ավելի քան երկու տասնամյակ կոչ է անում հայ ժողովրդի ազատասիրությունը խորհրդանշող օրը՝ փետրվարի 18-ը, ազդարարել Ազատության օր»,- հայտարարեց Պարույր Հայրիկյանը:


Tert.am-ի հետ զրույցում ԱԻՄ նախագահն ասաց, թե ժամանակին իրենց ասում էին՝ ինչքան կարելի է «անկախությո՜ւն-անկախությո՜ւն» գոչել, բայց 4 տարի պետք եղավ խոսել այդ մասին, մինչև որ հասարակությունը հասավ այն մակարդակին, որ 1991-ին հանրաքվեի ժամանակ «այո» ասաց անկախությանը:


Այնպես որ, ըստ Պարույր Հայրիկյանի, իրենք այնքան են խոսելու ազատության մասին, մինչև փետրվարի 18-ը հռչակվի որպես Ազատության օր: