«Մենք ստրուկ չենք». Ատոմակայանի աշխատակիցների բողոքի ցույցը կուտակայինի դեմ (թարմացված, լուսանկարներ, տեսանյութ)

18:11 • 18.02.14

18.51


«Մենք ստրուկ չենք». Ատոմակայանի աշխատակիցների բողոքի ցույցը կուտակայինի դեմ 


ՄԻՊ աշխատակցի հետ հանդիպմանը ատոմակայնի աշխատակիցներից մի քանիսն ասացին, որ իրենց իրավունքները խախտվում են՝ նշելով, որ դեմ են, որպեսզի իրենց աշխատավարձից պահումներ անեն։


«Ատոմակայանի աշխատողները բոլոր իրավունքներն ունեն բողոքելու։ Առնվազն մեր իշխանությունները մեզ այդ իրավունքը տվել են»,- ասաց աշխատակիցներից մեկը։


Նրանք պնդեցին, որ գործատուի հետ բանակցելու խնդիր չեն տեսնում, քանի որ իրենք էլ հասկանում են, որ նա էլ իրենց պես վարձու աշխատող է։


«Նա շատ լավ մասնագետ է, ու լավ կատարում է իր աշխատանքը, բայց գիտենք, որ նա ոչինչ չի կարող անել, որպեսզի նրանից պահանջենք մեր իրավունքների պաշպանություն»,-ասաց աշխատակիցը՝ ՄԻՊ աշխատակցին ուղղելով, որ օրենքը ոչ թե բարեփոխում է, այլ՝ «չարափոխում»։



ՄԻՊ խորհրդական Տաթև Խաչատրյանը նշեց, որ դիմումը քննության կառնեն։


Գրասենյակից դուրս եկած մի քանի աշխատակիցներին մյուսները դիմավորեցին «Դեմ ենք, դեմ ենք» վանկարկումներով։


Ատոմակայանի աշխատակիցները մեկը, ով բարձրախոսով ելույթ էր ունենում, ասաց, որ իրենք թուլ չենք տա, որ իրենց հետ վարվեն այնպես, ինչպես սովորական քաղաքացու հետ։


«Ինչքան էլ ցավալի է, բայց այսօր ամեն քայլափոխի սովորական քաղաքացու իրավունքները ոտնահարվում են։ Մեզ հետ նման կերպ վարվել թույլ չենք տա, ինչպես Մետրոպոլիտենի այդ երեք աշխատակիցների հետ։ Փա՛ռք ու պատիվ նրանց, որ ոտքի են կանգնել իրենց իրավունքների համար, բայց թույլ մի՛ տվեք ձեզ հատ-հատ կոտրեն, տղե՛րք։ Ատոմակայանի երիտասադրները պինդ են և մենք թույլ չենք տա, որ մեզ հետ այդպես վարվեն»,- հայտարարեց աշխատակիցը, ում արձագանքեցին՝ «Այո՜»։


Նա նշեց, թե պայքարը շատ դժվար է լինելու. «Քանզի գիտենք ում հետ գործ ունենք»։


Աշխատակիցները հիշեցրեցին, որ Ատոմակայանը այն հիմնարկն է, որտեղ օրենքով թույլ չի տրվում աշխատանքը դադարեցնել։ Նրանք ասացին, որ դա կախված է իշխանության պատասխանից, և իրենք հույս ունեն, որ չեն դիմի նման քայլի։


«Մենք ստրուկ չենք, մենք աշխատել ենք ատոմակայանում և աշխատում ենք շատ լավ, բայց մենք ստրուկ չենք, չկա այդպիսի օրենք, որ մարդուն ստիպի ստրուկ լինել»,- նշեց ատոմակայանի աշխատակիցը։


Աշխատակիցներից մեկ ուրիշն էլ նշեց, որ իրենք դիմումեր են գրել, որպեսզի իրենց չպարտադրեն ֆոնդեր ընտրել։ «Որպեսզի գոնե մինչև մարտի 28ը՝ ՍԴ-ի որոշումը, մեր աշխատավարձները ստանանք, մենք ընդհանրապես դեմ ենք այս օրենքին»,-ասաց նա։


Աշխատակիցներից մեկը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այն իրենք ակնկալիքներ ունեն Մարդու իրավունքների պաշտպանից, այդ իսկ պատճառով որոշել են դիմել պաշտպանին։


«Մենք չենք նահանջելու, մեզ Մետրոպոլիտենի աշխատողների նման չեն կարողանալու ճնշել»,- վստահեցրեց նա։


Նրանք նաև հայտարարեցին, որ իրենց հետագա քայլերի մասին տեղյակ կպահեն, բայց որևէ կերպ չեն պատրաստվում զիջումների գնալ։ «Ամեն ինչ անելու ենք օրենքը կասեցնելու համար»,-հայտարարեցին նրանք՝ ավելացնելով, որ բացառապես տղամարդիկ են եկել բողոքի ցույցին։

Դիմումը հանձնելուց հետո ատոմակայանի աշխատակիցները զրուցեցին լրագրողների հետ, ապա նաև բարձրաձայն շնորհակալություն հայտնեցին «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամներին։

 




Մեծամորի ատոմակայանի 100-ից ավելի աշխատակիցներ դուրս են եկել բողոքի ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի։

 

Նրանք այս պահին հավաքվել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց և ՄԻՊ–ից պահանջում են պաշտպանել իրենց իրավունքները և աջակցել, որպեսզի օրենքից հանվի պարտադիր բաղադրիչը։

 

Հավաքված աշխատակիցները ՄԻՊ գրասենյակ ներկայացրեցին 700-ից ավելի ստորագրությամբ իրենց դիմումը։