Ավտովթար Երևանի Սեբաստիայի փողոցում, վարորդն արգելափակվել է մեքենայում

08:29 • 18.02.14

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 05.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում` «Ռան-Օյլ» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Երկրորդ ահազանգով պարզվել է, որ ավտոմեքենայից ծուխ է նկատվում:Դեպքի վայր է մեկնել նաև մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 61 SL 699 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:


Հրշեջ-փրկարարները կատարել են հովացման աշխատանքներ, դադարեցրել գազի արտահոսքը և ժամը 05.35-ին ավտոմեքենայից դուրս բերել 1974 թ. ծնված Ա. Ա.-ին, ում շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են «Արմենիա» բժշկական կենտրոն: