Հորդանանի անապատը միայնակ հատող 4-ամյա սիրիացի տղայի ծնողները «գտնվել» են

16:57 • 18.02.14

ԶԼՄ-ները հերքել են 4-ամյա սիրիացի փոքրիկի ու նրա ծնողների երջանիկ վերամիավորման լուրը. ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչները գտել են Հորդանանի անապատով միայնակ անցնող փոքրիկ փախստականին ու վերադարձրել նրան ծնողներին։

 

Սակայն այժմ հեղինակավոր The Guardian պարբերականի լրագրող Շիվ Մալիկը հայտնել է, որ 4-ամյա տղան երբեք էլ չի կորցրել իր ծնողներին՝ չնայած, որ համացանցում ներկայացվել էր, թե իբր ՄԱԿ-ի ներկայացուցիչները նրան մենակ են գտել անապատում։

 

Մալիկը մանրամասնել է, որ երեխան իրականում անցնելիս է եղել անապատով՝ փորձելով փախչել Սիրիայից, սակայն այն, որ նա կորցրել է ծնողներին, ոչ մի կապ չունի իրականության հետ։

«ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության աշխատակիցը հաստատել է, որ լուսանկարում տղայի ծնողները գտնվում են նրանից 20 քայլի վրա ու պարզապես չեն հայտնվել կադրում»,-Twitter-ի իր էջում գրել է լրագրողը։