Կիևում «Բերկուտը» սպանել է ցուցարարներից մեկին. ԶԼՄ-ներ

17:19 • 18.02.14

Կիևի Կրեպոստնոյ նրբանցքում Ուկրաինայի ներքին գործերի նախարարության «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման մարտիկները հարձակման են անցել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ, ինչի հետևանքով մահացել է ցուցարարներից մեկը, գրում է УНИАН-ը՝ հղում անելով դեպքի վայրից հաղորդող espreso.tv-ի թղթակցին:

 

korrespondent.net-ը՝ Ներքին զորքերի մամուլի ծառայությանը հղումով, հաղորդում է, որ Կիևի կենտրոնում ցուցարարների հետ բախումների հետևանքով վիրավորվել է 37 իրավապահ: Ընդ որում՝ Ներքին զորքերի հինգ զինվորական ստացել է հրազենային վնասվածք:

 

«Մարտիկներից մեկի մարմնից բժիշկներն ատրճանակի փամփուշտ են հանել: Եվս մեկ ոստիկանի այժմ տրամադրում են բժշկական օգնություն՝ փորձում են դադարեցնել արնահոսությունը և հանել փամփուշտը: Ընդհանուր առմամբ՝ վիրավորվել է 37 իրավապահ»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Ավելի վաղ Մայդանի բժշկական ծառայությունը հաղորդել է, որ բախումների ընթացքում վիրավորվել է մոտ 30 ցուցարար:

 

korrespondent.net-ը հաղորդում է նաև, որ իշխանությունների աջակիցները Մարիինյան զբոսայգում զինվել են քարերով և բիոզուգարանների դռներով, գլխներին սաղավարտներ են կրում: