Տուգանում են նախկինում ավտոմեքենան առանց անվանափոխության վաճառած քաղաքացիներին
Շուրջ 70-80 հազ. վարորդներ այսօր տուգանվում են տարիներ առաջ իրենց վաճառած և այսօր գոյություն չունեցող մեքենաների համար: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը՝ նշելով, որ այդ մասին ինքը տեղեկացել է Հայաստանի ապահովագրողների բյուրոյից:
«Փետրվարի 6-ից մեր հեռախոսները դադար չունեն, վարորդները զանգում ու զանգում են: Բոլորը տուգանվում են, չգիտեն՝ ինչ անեն: Մարդիկ տարիներ առաջ վաճառել են իրենց մեքենան, բայց անվանափոխություն չեն արել: Հունվարի 1-ից էլ օրենքի համաձայն պետք է ապահովագրվեին բոլոր մեքենաները և հենց այդտեղից էլ առաջացել է խնդիրը»,- ասաց նա:
Օրենքի նոր պահանջից տուժած քաղաքացիներից մեկն էլ Սարգիս Մաչկալյանն է, ով իր «Վազ 2105» մակնիշի մեքենան վաճառել է դեռևս 1989թ-ը, սակայն այս տարի տուգանքների մասին ծանուցումներ է սկսել ստանալ, որ իր մեքենան չի ապահովագրել: Tert.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ մեքենան վաճառել է Մալաթիա տոնավաճառում, ինքն ու գնորդը գնացել են Շահումյանի նոտարական գրասենյակ, ստացել է իր իսկ խոսքով ընդհանուր լիազորագիր (генеральный доверенность) ու վաճառել մեքենան:
«Մի հատ բլած զիբիլ էր, 200 դոլարով ծախեցի, եկա տուն: Գնում եմ Ճանապարհային ոստիկանություն ինձ ասում են գոնե մի թուղթ բեր էդ մեքենայից, բայց ես ոչ մի թուղթ չունեմ, իսկ 10-ը օրը մեկ նոր տուգանք ա գալիս՝ 5000 դրամի չափով: Հիմա մի բան պե՞տք է որոշեն, թե՞ ոչ: Ինչքան կարա մեր վրա տուգանք գա»,-ասաց նա:
Սարգիս Մաչկալյանն ընդգծեց, որ ինքն ընդունում է իր մեղքը այն բանում, որ ժամանակին անվանափոխություն չի արել և պատրաստ է դրա համար նախատեսված տուգանքը վճարել:
«Այն ժամանակ այնքան ժամանակ էր պետք, որ այդ անվանափոխությունը անեիր, ոչ մեկ չէր էլ անում, բոլորը էդ թուղթը ստանում էին ու ծախում մեքենան, բայց տուգանեք մի անգամ, վերջանա գնա: Լավ, ի՞նչ ա մտածում Կառավարությունը, Ոստիկանությունը…»,- ասաց նա:
«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը նշեց, որ իրենք խոսել են թե՛ ՃՈ-ի, թե՛ Ապահովագրական բյուրոյի հետ:
«Այդ խնդրի լուծման համար տարբերակներ են ներկայումս փնտրվում, բայց պահանջվում է հարցին տալ իրավական լուծում: Պետք է այնպիսի լուծում տրվի, որը հաշվի կառնի բոլոր հնարավոր հետևանքները: Հիմա վերադաս մարմիններն այդ հարցերով զբաղվում են. ինչքան հնարավոր է կարճ ժամանակում պետք է պարզապես խնդիրը լուծվի»,-ասաց նա:
Էդուարդ Հովհաննիսյանը նաև անդրադարձավ ընդհանուր լիազորագրի (генеральный доверенность) միջոցով ժամանակին արվող առքուվաճառքին և նշեց, որ օրենքը այն ժամանակ էլ, հիմա էլ նույնն է:
«Այն ժամանակ այնքան կաբինետներ պետք է մտնեին, հերթեր էին, դրանից խուսափելու համար, մարդիկ միայն այդ թուղթը վերցնում էին ու գնում վաճառում, նաև լրացուցիչ ծախսերից էին խուսափում, որովհետև մեքենան հաշվառումից հանելն ու գնորդի անվան տակ հաշվառելն արժեր 23 հազ. դրամ: Անօրինական են արել, դրա համար էլ հիմա հետևանքների առաջ են կանգնած: Այն ժամանակ «լիազորագրով վաճառեցի» արտահայտությունն էր մտել ժողովրդի մեջ, բայց նման բան չի լինում, պետք է այդ լիազորագիրը տանեիր այդ նույն լիազորագիրը տվողին, կազմվեր ակտ՝ գումարը ստանալու մասին և այլն: Բայց այդ բանը ոչ մեկ չէր անում»,-ասաց նա:
Նշենք, որ դժգոհություններին անդրադարձել է նաև ՀՀ ոստիկանությունը: «ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարել է փաստացի օտարված և համապատասխան ձևակերպումներ չստացած տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման հարցում աջակցել քաղաքացիներին` տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը և իրավական խորհրդատվություն»,- ասվում է նախօրեին տարածված հայտարարության մեջ:










