Իրանը և «վեցյակը» 9 կետից բաղկացած գործողությունների ծրագիր են համաձայնեցրել

20:33 • 18.02.14

Իրանը և միջազգային միջնորդների «վեցյակը» բազմակողմանի փաստաթղթի մշակմանն ուղղված հիմնարար մոտեցումներ են համաձայնեցրել, որը թույլ կտա փակել Իրանի «միջուկային դոսյեն» և հանել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմը:

 

Ինչպես փոխանցում է ИТАР-ТАСС-ը՝ այս մասին լրագրողներին հայտնել է բանակցությունների ընթացքից տեղյակ աղբյուրը, որն ընդգծել է, որ աշխատանք է տարվում 9 իմաստային կետերի մշակման շուրջ, որոնք հիմնվում են ժնևյան պայմանավորվածությունների վրա:


Նրա խոսքով՝ փաստաթուղթը կորոշի հետագա աշխատանքների իմաստային լրացումը և բանակցությունների պարբերական ընթացքը: Ինչպես հաղորդել է աղբյուրը՝ «կողմերի միջև փոխըմբռնման բարձր մակարդակ է ստեղծվել»:


Ավելի վաղ «վեցյակի» և Իրանի լիագումար նիստի ավարտին, ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայքլ Մանը հայտնել էր, որ ներկայիս փուլի շրջանակներում բանակցությունների հիմնական խնդիրը հետագա բանակցային գործընթացի քայլերի մշակումն է: