Ուզբեկստանում ձերբակալվել են նախագահի դստեր մերձավորները. նրանց թվում հայ կա

09:28 • 18.02.14

Ուզբեկստանում ձերբակալել են նախագահի դստեր մերձավոր շրջապատից մի քանի հոգու, տեղեկացնում է Lenta.ru-ն:
Ի դեպ, ձերբակալվածների թվում հայ կա՝ Գայանե Ավագյան անուն-ազգանունով:

 

Ուզբեկստանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ձերբակալվել են Ռուստամ Մադումարովը, Գայանե Ավագյանն ու Եկատերինա Կլյուևան:

 

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ նրանք ձերբակալվել են Terra Group, Prime Media, Gamma Promotion և այլ ընկերությունների դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում, որոնք մեղադրվում են հարկերը չվճարելու և այլ ֆինանսական հանցագործությունների համար:

 

Ռուստամ Մադումարովը, ում ուզբեկական լրատվամիջոցներն անվանում են Գյուլնարա Կարիմովայի քաղաքացիական ամուսինը, գործարար է և խանութների ցանցի սեփականատեր: Նա ձերբակալվել էր նաև ավելի վաղ՝ 2013թ.-ի աշնանը:

Գայանե Ավագյանին տեղի լրատվամիջոցներն անվանում են նախագահի դստեր «աջ ձեռքը»:

 

2012թ.-ին Գայանե Ավագյանը լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր հայտնվել բազմամիլիոնանոց կաշառքի գործի շրջանակներում, որը տալու համար կասկածվում էր շվեդա-ֆիննական հեռահաղորդակցային TeliaSonera ընկերությունը:

 

Ուզբեկստանում անցյալ տարի փակվել էին Գյուլնարա Կարիմովային պատկանող հեռուստառադիոընկերությունները, բուտիկները: Աշխատանքը դադարեցրել էր նաև Կարիմովայի հիմնադրամը:

 

Նրա շրջանակից մի քանի հոգի, ներառյալ նրա թիկնազորի ղեկավարը, ձերբակալվել էին կամ լքել էին երկիրը: