Վրաստանում վերսկսվել է Մերաբիշվիլիի դեմ դատավարությունը՝ ցուցարարների դեմ ուժ կիրառելու գործով

14:36 • 18.02.14

Թբիլիսիի քաղաքային դատարանում վերսկսվել է Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիի դեմ դատավարությունը՝ 2011թ.-ի մայիսի 26-ի իրադարձությունների առնչությամբ։

 

Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, այսօր սկսվելու է պաշտպանական կողմի վկաների հարցաքննությունը։ Մինչ դատական նիստի սկիզբը Մերաբիշվիլիի փաստաբանները հայտարարել են, որ հարցաքննվելու են ՆԳՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ տեղեկատվական-վերլուծական բաժնի ղեկավար Շոթա Ութիաշվիլին, ՆԳ նախկին փոխնախարար Շոթա Խիզանիշվիլին, քաղաքապետարանի նախկին խոսնակ Բաչո Դոլիձեն։

 

Մինչ դատական նիստի սկիզբը դատախազ Նաթիա Մեզարիշվիլին հաղորդել է, որ մեղադրող կողմին հայտնի են պաշտպանական կողմի վկայությունները, սակայն այդ ցուցմունքները չեն ապացուցում Վանո Մերաբիշիվիլիի անմեղությունը։
 

Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին վարչապետ, ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին երեկ մեկ այլ գործով արդեն 5 տարվա ազատազրկման է դատապարտվել։
 

Այս գործն առնչվում է 2011թ.-ի մայիսի 26-ի դեպքերին, երբ Վրաստանի ոստիկանությունը ցուցարարների դեմ ուժ էր կիրառել։