Ժնևի բանակցությունների ընթացքում Սիրիայում մոտ 6.000 մարդ է զոհվել. Time
Շվեյցարիայում Սիրիայի հարցով բանակցությունների սկզբից ի վեր մոտ 6.000 մարդ է զոհվել Սիրիայում, գրում է gazeta.ru-ն՝ Time-ին հղումով:
Պարբերականի տվյալներով՝ հունվարի 22-ից փետրվարի 14-ն ընկած ժամանակահատվածն ամենաարյունալին է եղել 2011թ.-ի մարտից ի վեր. զոհվել է 5.792 մարդ:
Սիրիայում մարդու իրավունքների ուսումնասիրության կենտրոնի տվյալներով՝ օդային հարձակումների հետևանքով զոհվել է 1.622 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 564 կանայք և երեխաներ:
84 մարդ զոհվել է դեղամիջոցների պակասի հետևանքով: Մարտերի ընթացքում զոհվել է ավելի քան 1.500 ապստամբ, սիրիական բանակի 1.017 զինվոր և «Ալ-Բաաս» և այլ գումարտակներից ավելի քան 55 մարտիկ:
Լոնդոնում գործող մարդու իրավունքների ուսումնասիրության կենտրոնը համարվում է Սիրիայում զոհերի թիվը հաշվարկող հիմնական աղբյուրներից մեկը: Քաղաքացիական պատերազմից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 140 հազար մարդ, որոնցից 7 հազարը՝ երեխաներ:










