Pussy Riot-ի անդամները բերման են ենթարկվել Սոչիում

14:47 • 18.02.14

Pussy Riot սկանդալային խմբի անդամներ Նադեժդա Տոլոկոննիկովան և Մարիա Ալյոխինան բերման են ենթարկվել Սոչիում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Twitter-ում «Վոյնա» խմբի էջի հաղորդագրությանը:

 

«Տոլոկոննիկովան, Ալյոխինան և թիմը բերման են ենթարկվել Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունների, իսկ այնուհետ՝ Սոչիի ոստիկանության և քրեական հետախուզության կողմից»,-ասված է հաղորդագրությունում:

 

Նշվում է, որ նրանց նստեցրել են ոստիկանական մեքենա: Pussy Riot-ի անդամներից բացի, բերման է ենթարկվել յոթ հոգի, ինչպես նաև լրագրողներ:

 

Ինչպես հաղորդում է Տոլոկոննիկովան Twitter-ում, նրանց բերման են ենթարկել գողության համար մեղադրանքով:


Նա նաև գրել է իր էջում, որ Սոչիում էին գտնվում Pussy Riot-ի ակցիա իրականացնելու նպատակով: «Երգը կոչվում է «Պուտինը կօգնի քեզ սիրել հայրենիքը»,- գրել է նա: Այնուհետև, սակայն, Տոլոկոննիկովան հավելել է, որ բերման ենթարկվելիս նրանք ակցիա չէին իրականացնում, այլ պարզապես քայլում էին Սոչիում: