Թուրքիայում երկարաձգվել է կոռուպցիոն սկանդալի գործով ձերբակալվածների կալանքի ժամկետը

15:40 • 18.02.14

Ստամբուլի դատախազությունը երկարաձգել է կոռուպցիոն սկանդալի շրջանակներում ձերբակալված անձանց կալանքի ժամկետը, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը։

 

Կալանքի ժամկետը երկարացված անձանց թվում են թուրք գործարար Ռզա Զերրաբը, էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չաղլայանի որդին՝ Սալիհ Քաան Չաղլայանը, ՆԳ նախկին նախարար Մուամմար Գյուլերի որդին՝ Բարըշ Գյուլերը։

 

Հիշեցնենք, որ նրանք ձերբակալվել էին դեկտեմբերի 17-ին, Ստամբուլ և Անկարա քաղաքներում տեղի ունեցած հատուկ գործողության ընթացքում։

 

Այդ ժամանակ ձերբակալվել էին մի քանի տասնյակ մարդիկ, որոնք մեղադրվում են կոռուպցիայի, մաքսանենգության, թմրամիջոցներ իրացնելու համար։ Հետագայում որոշ ձերբակալվածներ ազատ են արձակվել։