Ամերիկուհուն ձերբակալել են 9 տարի առաջ վարձույթով վերցրած տեսաերիզը չվերադարձնելու համար
Ամերիկյան Փիքենս քաղաքի բնակչուհին ձերբակալվել է 2005 թվականին վարձույթով վերցրած տեսաերիզը չվերադարձնելու համար, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Օրերս 27-ամյա Կայլա Ֆինլին այցելել է ոստիկանական բաժանմունք ինչ-որ հանցագործության մասին հաղորդելու համար: Լրացնելով փաստաթղթերը՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտնաբերել են, որ ինը տարի առաջ տրվել էր նրա ձերբակալության հրաման: Ինչպես պարզվել է, Ֆինլին տեղի տեսաերիզների վարձույթում վերցրել էր «Եթե սկեսուրը հրեշ է» կատակերգությունը՝ գլխավոր դերերում Ջեյն Ֆոնդայի և Ջենիֆեր Լոպեսի մասնակցությամբ, և ինչ-որ պատճառով մոռացել վերադարձնել տեսաերիզը նշված երեք օրերի ընթացքում:
Ֆինլին բանտում մեկ գիշեր է մնացել, իսկ առավոտյան ազատ է արձակվել 2 հազար դոլար գրավի դիմաց: Նրան ներկայացվել է մեղադրանք, և շուտով նա պետք է կանգնի դատարանի առաջ:
Ոստիկանների խոսքերով՝ աղջկան փոստով մի քանի ծանուցում է ուղարկվել: Սակայն Ֆինլին պնդում է, որ նա չի ստացել դրանք, քանի որ փոխել է բնակության վայրը: «Ես բոլորովին մոռացել էի այդ տեսաերիզի մասին և ոչ մի զգուշացում չեմ ստացել այն մասին, որ դա պետք է վերադարձնել: Հակառակ դեպքում ես դա անմիջապես կանեի»,- ասել է աղջիկը:
Պետք է նշել նաև, որ տեսաերիզների վարձույթը, որտեղից Ֆինլին վերցրել էր տեսաերիզը, արդեն գոյություն չունի:










