Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Նիդեռլանդներ

11:43 • 19.02.14

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը 2014 թվականի փետրվարի 19-21-ն աշխատանքային այցով կգտնվի Նիդեռլանդների Թագավորությունում:


Այցի ընթացքում Արմեն Աշոտյանը հանդիպում կունենա Թագավորության կրթության, մշակույթի և գիտության նախարար Յեթ Բուսեմակերի հետ, որի ընթացքում կողմերը կքննարկեն կրթության և գիտության ոլորտում հայ-հոլանդական համագործակցության զարգացման, շարժունակության շրջանակներում գործընկերային ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:


Նախատեսվում է նաև դասախոսություն Լեյդենի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար, հանդիպումներ Էդուարդո Ֆրեյ հիմնադրամի, Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդեռլանդների ինստիտուտի ներկայացուցիչների և հոլանդահայ համայնքի հետ:


Այցի ընթացքում տեղի կունենա նաև հանդիպում «Միջազգային բակալավրիատ» (ՄԲ) կազմակերպության ղեկավարության հետ: