Կիևի Մայդանի բոլոր մուտքերն արգելափակել են ինքնաձիգներով զինված ՃՈ աշխատակիցները

14:19 • 19.02.14

Կիևի Անկախության մայդանի բոլոր մուտքերը, այդ թվում՝ փոքր փողոցները, հրապարակից երկու կիլոմետրի վրա արգելափակված են Ճանապարհային ոստիկանության անցակետերով, որտեղ հսկում են ինքնաձիգներով զինված տեսուչները, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով «Ֆակտի» թերթին:

 

Թերթի տեղեկություններով՝ Ճանապարհային ոստիկանության մեքենաները կանգնած են Լվովսկայա հրապարակում, Շևչենկոյի բուլվարի և Վլադիմիրսկայա փողոցի խաչմերուկում և շատ այլ փողոցներում:

 

Բացի այդ, զինված աշխատակիցներն արգելափակել են Կիևի մուտքը մայրաքաղաքի շրջակայքով: Քաղաք տանող մայրուղիներն արգելափակված են ավազով մեքենաներով, իսկ անցակետերում ոստիկանությունը ստուգում է բոլոր «կասկածելի» մեքենաներն ու ավտոբուսները: Ոստիկանության աշխատակիցների խոսքերով՝ իրենք մեքենաների սրահներում զենք-զինամթերք են փնտրում:

 

Այժմ Մայդանի կեսը մնում է ցուցարարների ձեռքում, իսկ մյուս կեսը զբաղեցրել են ներքին զորքերն ու ոստիկանական հատուկ նշանակության ջոկատը: