Ուկրաինայում «դարչնագույն» հեղափոխություն է, մենք գործի կդնենք մեր ողջ ազդեցությունը. ՌԴ ԱԳՆ

15:36 • 19.02.14

Ռուսաստանը մեղադրում է Արևմուտքին Ուկրաինայում «դարչնագույն» հեղափոխության թողտվության համար և հայտարարում է, որ գործի կդնի իր ողջ «ազդեցությունը», որպեսզի Ուկրաինայում կրկին խաղաղություն լինի: Այդ մասին ասված է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:

 

«Կիևում և Ուկրաինայի մի շարք քաղաքներում ընդդիմության ծայրահեղական ուժերի հանցավոր գործունեության հետևանքով արյուն է թափվել: Կան մահացածներ և վիրավորներ՝ ինչպես քաղաքացիական բնակչության, այնպես էլ իրավապահ մարմինների շրջանում»,- հայտարարում է ՌԴ ԱԳՆ-ն:

 

«Ուկրաինայի արևմտյան շրջաններում գործը հասել է մինչև ոստիկանության, դատախազության, զորամասերի շենքերի գրավման: Կռիվ հրահրող բանդիտները ծաղրում են ոստիկաններին, զինվորականներին, որոնցից տասնյակներ վնասվածքներ են ստացել: Ըստ էության՝ խոսքն իշխանության ուժային զավթման փորձի մասին է»,- ասված է հայտարարությունում:

 

Կրեմլի վրդովմունքն է առաջացնում «ընդդիմության առաջնորդների կողմից ծայրահեղականների գործողությունների վերաբերյալ արձագանքի բացակայությունը, որոնք թաքնվելով ժողովրդավարության և եվրոպական արժեքներին նվիրվածության մասին դեմագոգ կարգախոսների ներքո՝ տրվում են «դարչնագույն» հեղափոխությանը»:



«Ուկրաինան Ռուսաստանի համար եղբայրական, բարեկամական պետություն է, ռազմավարական գործընկեր, և մենք կօգտագործենք մեր ողջ ազդեցությունը, որպեսզի այդ երկրում կրկին խաղաղություն և հանգստություն հաստատվի»,- նախազգուշացրել է ՌԴ ԱԳՆ-ն: