Հայտնվել է Կիևի կենտրոնում ցուցարարների կողմից զրահամեքենայի այրման տեսագրությունը (տեսանյութեր)
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ցուցարարները գիշերն այրել են երկրի ներքին գործերի նախարարությանը պատկանող զրահամեքենան, ինչի տեսագրությունը հայտնվել է համացանցում։
Ինչպես նշում է Взгляд-ը, ակցիայի մասնակիցները դյուրավառ նյութով լի շշեր են նետել զրահամեքենայի վրա, ինչի հետևանքով այն այրվել է։
Աղբյուրը հիշեցնում է, որ «Եվրամայդանի» արմատական ակտիվիստների ու իրավապահների միջև բախումները վերսկսել են երեքշաբթի՝ Գերագույն ռադայի նիստի օրը, երբ ընդդիմությունը պահանջել է վերականգնել երկրի խորհրդարանա-նախագահական կառավարման ձևը՝ վերադառնալով 2004թ. Սահմանադրությանը։
Ականատեսների խոսքերով, ժամանակավոր հաշտությունը խախտել են ակտիվիստները, ովքեր ներխուժել են Կիևի կենտրոնում գտնվող շինություններ, այրել մեքենաների անվադողեր, քարեր ու Մոլոտովյան կոկտեյլներ նետել մեքենաների ու ոստիկանների ուղղությամբ։ Ըստ իրավապահների՝ ընդդիմադիրներն առաջինն են կիրառել զենք։
Բախումների հետևանքով, ըստ վերջին տվյալների, գրանցվել է առնվազն 20 զոհ, իսկ մոտ 300 իրավապահ վնասվածք է ստացել։










