ՀՊՃՀ բակը հանդիսանում է հանրային տարածք. «Դ!ԵՄ ԵՄ»-ը՝ Պոլիտեխնիկի ռեկտորատի՝ ուսանողներին չխանգարելու հորդորի մասին

19:02 • 19.02.14

Ի պատասխան Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտորատի, Արհմիութենական կազմակերպության կոմիտեի և Ուսանողական խորհրդի հայտարարության՝ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը վերահաստատում է, որ, օգտվելով իր ազատ կամարտահայտման ու խաղաղ հավաքներ, հանդիպումներ անցկացնելու իրավունքից, վաղը՝ ժամը 12:30-ին, ՀՊՃՀ-ի բակում բացառապես դասամիջոցի ժամին, կազմակերպելու է ուսանողության հետ հանդիպում:

 

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտորատը, Արհմիութենական կազմակերպության կոմիտեի և Ուսանողական խորհուրդը ավելի վաղ համատեղ հայտարարություն էին տարածել, որում անդրադառնալով նույն բուհում ուսանողների հետ բաց հանդիպում հրավիրելու մասին «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության ծրագրած միջոցառմանը, «Դ!ԵՄ ԵՄ»–ի կոչ էր արվում սպասել կուտակային կենսաթոշակային համակարգի հարցով ՍԴ որոշմանը։

 

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության» պատասխան հաղորդագրության մեջ ասվում է. «ՀՊՃՀ բակը հանդիսանում է հանրային տարածք, որտեղ ցանկացած քաղաքացի կամ քաղաքացիների խումբ կարող է անցկացնել իրազեկման ակցիա կամ խաղաղ հավաք:

 

ՀՊՃՀ ռեկտորատի, Արհմիութենական կազմակերպության կոմիտեի և Ուսանողական խորհրդի տարածած համատեղ հաղորդագրության մեջ առկա դիտարկումը, թե կխաթարվի ուսումնական պրոցեսը, գնահատում ենք անհարկի և ոչ ողջամիտ, քանի որ մենք արդեն իսկ նախապես մեր հայտարարությամբ նշել էինք, որ միտված չենք որևէ կերպ խանգարելու դասապրոցեսը, ուստի հանդիպումը ուսանողության հետ լինելու է բացառապես դասամիջոցի ընթացքում:

 

Հարկ ենք համարում նաև նշել, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը որևէ կերպ չի սահմանափակում ուսումնական հաստատությանը հարող տարածքում կամ բակում խաղաղ հավաք անցկացնելու քաղաքացիների իրավունքը:

 

Հարգանքով,
«Դ!ԵՄ ԵՄ» թիմ»: