Յանուկովիչն ընդդիմությանը բանակցելու կոչ է արել, իրավապահները վերսկսել են գրոհը. կա 25 զոհ (ուղիղ միացում, թարմացված)
10.27 Ուկրաինայի առողջապահության նախարարության տվյալներով՝ Կիևում բախումների ընթացքում զոհերի թիվը հասել է 25-ի:
09.37 Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ընդդիմությանը կոչ է արել փոխզիջման գնալ և բանակցությունների սեղանի շուրջ նստել՝ հանուն երկրի ապագայի, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:
«Ես չեմ ցանկանում պատերազմել: Ցանկանում եմ պահպանել պետությունը», - հայտարարել է Յանուկովիչը:
Նախագահի գնահատականով՝ ընդդիմությունն անցել է սահմանը` մարդկանց զենք առնելու կոչ անելով, և ժամանակն է, որպեսզի անջատվի արմատական ուժերից ու բանակցի: Մյուսներին նա սպառնացել է դատարանով:
Ընդգծելով իր դերը որպես Սահմանադրության ու խաղաղության երաշխավոր` նա նշել է, որ ընդդիմությունը ոտնահարում է ժողովրդավարության հիմնական սկզբունքները: Յանուկովիչը նշել է, որ ընդդիմության առաջնորդներն իշխանություն կստանան միայն այն դեպքում, եթե ժողովուրդը վստահի նրանց: Նրա գնահատականով` իրենք արդեն չափազանց բարձր գին են վճարել: Նա ցավակցել է «հիմար կոնֆլիկտի» զոհերի հարազատներին:
Interfax-ի տվյալով` Կիևում երեկ գրանցված արնահեղությունների հետևանքով 20 մարդ է զոհվել: Գիշերն ընդդիմության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հանդիպել է Յանուկովիչին, սակայն այնուհետ վերադարձել է Մայդան և հայտարարել, որ նախագահը չի հասկանում ստեղծված իրավիճակը:
Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանը հայտարարել է, որ իր երկիրը հենց Յանուկովիչին է պատասխանատու համարում երեկ կատարվածի համար:
Այսօր առավոտյան 4-ից Ուկրաինայի իրավապահները շարունակել են գրոհը ցուցարարների վրա. նրանք ձայնային նռնակներ ու ջրաշիթեր են կիրառել: Ընդդիմադիրները շարունակում են անվադողեր այրել և պատասխանել Մոլոտովյան կոկտեյլներով:










