Մոսկվան կասկածի է ենթարկել Ուկրաինային հետագա վարկավորման հնարավորությունը

16:48 • 19.02.14

Ռուսական իշխանությունները դեռ չեն կարող Ուկրաինային 2 միլիարդ դոլար արժողությամբ վարկի երկրորդ տրանշը տրամադրելու մասին հստակ տեղեկություն տալ, գրում է lenta.ru-ն: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 

«Ոչինչ այդ առիթով դեռ չեմ կարող ասել»,- հայտարարել է Պեսկովը՝ Կիևին վարկ տրամադրելու վերաբերյալ հարցին պատասխանելով:

«Ակնհայտ է, իրավիճակում, երբ էքստրեմիստները կազմակերպում են այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, հենց այդ իրավիճակի կարգավորումն է առաջնահերթություն»,- նշել է նախագահի մամուլի քարտուղարը:

 

Փետրվարի 17-ին ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստվում է ձեռք բերել երկու միլիարդ դոլար արժողությամբ ուկրաինական պետական պարտատոմսերի երկրորդ տրանշն այս շաբաթվա ընթացքում: Նույն օրն Իռլանդական ֆոնդային բորսան գրանցել է 1,984 միլիարդ դոլարի Ուկրաինայի պետական պարտատոմսեր: Երկրի բոնդերի լիսթինգն աճել է մինչև 4,98 միլիարդ դոլար:

 

Կրեմլը 3 միլիարդ դոլար արժողությամբ ուկրաինական բոնդերի առաջին տրանշը գնել էր 2013 թվականի դեկտեմբերին: Ընդհանուր առմամբ, Մոսկվան խոստացել է Կիևին տրամադրել մինչև 15 միլիարդ դոլարի վարկ: