Գյումրեցիները ՀՀԿ-ին են վերադարձրել նախընտրական քարոզչանյութերը՝ ընդգծելով չիրականացված կետերը
Մի խումբ գյումրեցի երիտասարդները Հայաստանի Հանրապետական կուսակցության Շիրակի կենտրոնին այսօր վերադարձրին Ազգային ժողովի և ՀՀ նախագահի վերջին ընտրություններից առաջ բաժանված նախընտրական քարոզչանյութերը: Այս մասին Tert.am-ին փոխանցեց Գյումրիի «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ, «Գյումրին մեր տունն է» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արսեն Վարդանյանը:
«Հանդիպել ենք մարզային կառույցի պատասխանատու Խաչատրյան Անիի հետ, նախընտրական բուկլետներն ու գրքույկները փոխանցել ենք նրան, դրանց մեջ կարմիր գույնով ընդգծել ենք այն բոլոր կետերը, որոնք չեն իրականացվել: Պահանջել ենք, որ անպայման նստեն և նորից աչքի անցկացնեն նախընտրական ծրագիրը»,- ասաց նա:
Ակցիայից հետո հանդիպում է եղել ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանի հետ, երիտասարդներն ու պատգամավորը քննարկվել են մի քանի հարցեր, և վերջինս խոստացել է, որ ԱԺ հաջորդ նստաշրջանում ներկայացնելու է երիտասարդների պահանջները: «Մեր առաջին պահանջն էր, որ իշխանությունները քաշեն իրենք ձեռքերը մեր գրպաններից, հաջորդը՝ աշխատատեղեր ստեղծեն Գյումրիում»,- ասաց նա:
Ակցիային մասնակցել են մոտ երկու տասնյակ երիտասարդներ, «Գյումրին մեր տունն է» նախաձեռնության անդամներ: Արսեն Վարդանյանի տեղեկացմամբ՝ իրենք «Դ!ԵՄ ԵՄ»-ի և «Չեմ արտագաղթելու» պաստառներ են փակցրել ողջ քաղաքով մեկ:
Հետագա քայլերի մասին գյումրեցի ակտիվիստը նշեց, որ նախապես ոչինչ չեն ասելու. «Ինչպես իրենք են անակնկալ ներխուժել մեր կյանք, այնպես էլ մենք ենք անակնկալ մատուցելու նրանց»:










