Յանուկովիչը բանակցությունների ընթացքում ընդդիմությանն առաջարկել է հանձնվել. Յացենյուկ

09:57 • 19.02.14

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ընդդիմության առաջնորդների հետ գիշերային բանակցությունների ընթացքում առաջարկել է նրանց հանձնվել, հայտարարել է «Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը, գրում է Взгляд-ը:

 

«Ընդդիմության դիրքորոշումը բանակցություններին միայն մեկն էր՝ անհապաղ զինադադար, զորքերի հետքաշում մարդկանց կյանքերը պահպանելու համար»,- ասել է Յացենյուկը՝ նշելով, որ նախագահը և իշխանության ներկայացուցիչներն իրենց հերթին առաջարկել են ընդդիմությանը «փաստացիորեն հանձնվել և լքել Մայդանի տարածքը»:

 

«Քանի որ հաշտեցում չի հայտարարվել, և իշխանությունը նման ցանկություն չունի, մենք իսկապես կանգնած ենք մեր երկրի պատմության ամենաողբերգական էջի շեմին»,- ասել է Յացենյուկը: «Մենք կկանգնենք մարդկանց հետ: Մայդանում խաղաղ մարդիկ են, և այդ մարդիկ ունեն այստեղ կանգնելու իրավունք և շարունակելու իրենց խաղաղ բողոքը»,- ընդգծել է նա:

 

Ընդդիմության առաջնորդների և Յանուկովիչի հանդիպումը տեղի է ունեցել գիշերը և ավարտվել ապարդյուն:
Ավելի ուշ նախագահը կոչ է արել ընդդիմությանը գնալ փոխզիջման և նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ հանուն երկրի ապագայի: