Ուկրաինայի իրադարձությունները ԵՄ-ի սխալ քաղաքականության հետևանք են. Արտակ Զաքարյան
Եվրամիության Արևելյան գործընկերության ի սկզբանե սխալ քաղաքականության պատճառով է, որ ԱԼԳ վեց երկրներում և Ուկրաինայում նման իրավիճակ եղավ. երբ հաշվի չառնվեցին մի շարք շահեր, և երկրները բաժանվեցին «Արևմտյան և Արևելյան բարիկադների», այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Հանրապետական» խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է սպասվում Ուկրաինային:
«Երբ ընտրության խնդիր էր դնում, երբ ԵՄ դիտարկվեց որպես աշխարհաքաղաքական պրոյեկտ»,- ասաց հանրապետական պատգամավորը՝ նշելով, որ ինքն այս մասին նոր չէ, որ ասում է, այս մասին ասել է նախորդ տարի՝ Վիլնյուսի գագաթաժողովից մեկ օր առաջ: Այսինքն՝ խոսքը այսպես կոչված «կա՛մ, կա՛մ»-ի ընտրության մասին է:
Վերջերս ներկայացված այսպես կոչված «եվրոպական փաթեթը», ըստ Արտակ Զաքարյանի, լավագույն վկայությունն է, որ ԵՄ-ն ինքը գիտակցում է և այս փաստաթղթով փորձել է վերախմբագրել, վերաարժևորել իր մոտեցումները:
Արտակ Զաքարյանը հավելեց, որ ցավում են Ուկրաինայի իրադարձությունների համար, որոնք, ըստ նրա, դուրս է եկել ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության վերահսկողությունից։ Այնուամենայնիվ, վերջին քաղաքական զարգացումները իշխանություն-ընդդիմության ձեռք բերած համաձայնությունների շրջանակում որոշակի հույսեր են ներշնչում՝ իրավիճակի խաղաղ հանգուցալուծման տեսակետից:
Բանավեճին ներկա «Հայոց համազգային շարժում» կուսակցության անդամ Հովհաննես Իգիթյանը չհամաձայնեց հնչեցված տեսակետի հետ, որ ի սկզբանե սխալ քաղաքականության հետևանքով տապալվեց Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի ստորագրումը Հայաստանի կողմից:
Ըստ նրա՝ «կա՛մ, կա՛մ»՝ Մաքսային միություն կամ Եվրոպական Միությունը կողմնորոշվելու հարցը դրվել է ոչ թե Եվրոպայի, այլ Ռուսաստանի կողմից, երբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե երկրները պետք է ընտրեն, թե ինչ համակարգում են նրանք լինելու, պատրաստ լինեն այն բոլոր բարիքներին, որոնք իրենց Ռուսաստանը տալիս է:
«Եթե հիշում եք՝ ինչ էր կատարվում՝ ԵՄ-ն այստեղ, Ուկրաինայի Ասոցացման համաձայնագիրը արդեն վաղուց սեղանին դրված էր ... կամ Հայաստանը։ Սերժ Սարգսյանը գնում է սեպտեմբերի 3-ին Մոսկվա, և նույնիսկ Ձեր կուսակցության ներկայացուցիչները ասում էին՝ չէ, չէ, ի՞նչ է եղել, մենք գնում ենք մեր ճանապարհով … նույնը եղավ Յանուկովիչի հետ»,- հայտարարեց ՀՀՇ անդամը և ավելացրեց, որ ՄՄ-ին անադամակցության հայտարարությունը ավելի գաղտնի էր, քան Մոլոտով-Ռիբենտրոպի հայտնի պայմանագիրը:










