«Դ!ԵՄ ԵՄ»–ն իրազեկման ակցիա անցկացրեց «Պոլիտեխնիկի» բակում (լուսանկարներ, տեսանյութ)
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունն այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) մոտ իրազեկման ակցիա անցկացրին՝ վաղը ժամը 18.30-ին Մատենադարանի մոտ հավաքվելու և այնտեղից երթ իրականացնելու մասին:
Ակցիան անցկացվեց համալսարանի երկար դասամիջոցին։ Բակում կային բազմաթիվ ուսանողներ, որոնց մի մասը նախաձեռնության անդամների հետ վանկարկում էր՝ «Դեմ եմ»:
Նախաձեռնության անդամները բարձրախոսով, նշեցին, որ պետք է լինել իսկական քաղաքացի և պաշտպանել իրենց իրավունքները: Նրանք հայտարարեցին, որ իրազեկման համար ընտրել են հենց այս համալսարանը, քանի որ «թասիբով» ուսանողներ ունի:
Նախաձեռնության անդամներից նաև նշեցին, որ պետք է պայքարեն իրենց իրավունքների համար, որովհետև աշխատանքի անցնելուն պես օրենքը վերաբերելու է և նաև իրենց:
Իրազեկման ակցիայի ընթացքում ուսանողների շարքում հայտնվեց համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը և ուսանողներից և դրսում գտնվող դասախոսներից պահանջեց վերադառնալ լսարաններ՝ ասելով, որ ավարտվել է դասամիջոցը, իսկ նախաձեռնության անդամներին խնդրեց հեռանալ համալսարանի տարածքից և չխախտել պայմանավորվածությունը:










